Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի հաղթանակի վտանգավոր հետևանքների մասին։ «Եթե Ռուսաստանը հաղթի այս պատերազմում, նա կզրոյացնի վստահությունը Եվրոպայի նկատմամբ: Այս պատերազմում վտանգված է Եվրոպայի անվտանգությունը»,- ասել է նա ֆրանսիական հեռուստատեսության հետ հարցազրույցում:
Ամառային հակահարձակման ձախողումից հետո Ուկրաինայի ռազմական անհաջողությունների ֆոնին Մակրոնը փետրվարին չէր բացառել Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելը։ Նա հստակեցրել է իր դիրքորոշումը՝ ասելով, որ այդ հարցը ներկայումս օրակարգում չկա, սակայն ընդգծել է, որ պատերազմի ընդլայնման դեպքում Եվրոպան պետք է հնարավոր համարի բոլոր տարբերակները։
Մակրոնը կրկնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապված «կարմիր գծեր» չպետք է լինեն։ «Մենք չենք կարող թույլ լինել»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:
«Նրանք, ովքեր այժմ սահմաններ են դնում Ուկրաինային օգնելու հարցում, ընտրում են ոչ թե խաղաղությունը, այլ պարտությունը: Մենք պետք է պատրաստ լինենք, որ Ռուսաստանը երբեք չհաղթի, Մոսկվայի հաջողության դեպքում ֆրանսիացիների կյանքը կփոխվի։ Եվրոպայում այլևս անվտանգ չի լինի»,- ասել է նա։
Ֆրանսիայի նախագահն այն կարծիքին է, որ Ռուսաստանը չի չափավորի իր տարածքային հավակնությունները, եթե հաղթի Ուկրաինայում։ «Ռուսաստանը դարձել է էքսպանսիայի ձգտող տերություն և կանգ չի առնի: Եթե մենք թույլ տանք, որ Ուկրաինան պարտվի այս պատերազմում, ապա Ռուսաստանը, անկասկած, կսպառնա Մոլդովային, Ռումինիային, Լեհաստանին»,- ասել է Մակրոնը:
Ֆրանսիական հեռուստատեսության հետ հարցազրույցում Մակրոնը նշել է, որ ինքը վերջին տարիներին, հավանաբար, բոլորից շատ է խոսել Պուտինի հետ, սակայն կարծում է, որ Ռուսաստանի առաջնորդին չի կարելի վստահել:
Մակրոնը դիմել է ԵՄ երկրներին ՝ կոչ անելով աջակցել Կիևին: Նրան է միացել Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Անալենա Բերբոկը՝ ասելով, որ Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալների նվազումը «պատերազմը կմոտեցնի Գերմանիային»։
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսն էլ է պաշտպանել Ֆրանսիայի առաջնորդի՝ Ուկրաինային առանց կարմիր գծերի օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև՝ այդ հանրապետության տարածք ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը: