Միջազգային հանրության և ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում այս օրերին ՌԴ նախագահի ընտրությունն է: Այդ պաշտոնի համար Վլադիմիր Պուտինից բացի պայքարում է ևս երեք թեկնածու՝ ՌԴ Կոմունիստական կուսակցության պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին և Դումայի փոխխոսնակ «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել Ռժևի լրագրող Եկատերինա Դունցովային և «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության առաջադրած քաղաքական գործիչ Բորիս Նադեժդինին։ Երկուսն էլ քննադատել են պատերազմն Ուկրաինայում և հանդես եկել դրա ավարտի օգտին:
Միջազգային ԶԼՄ-երը կասկած չունեն, որ Վլադիմիր Պուտինը հինգերորդ անգամ կդառնա ՌԴ նախագահ։ Ըստ նրանց՝ միակ թեկնածուն, որը նկատելի քարոզարշավ էր վարում, Պուտինն էր, և նա կարող է կրկին ընտրվել պետության ղեկավարի պաշտոնում: Լրատվամիջոցները հիշեցրել են 2020 թվականին ՌԴ Սահմանադրության փոփոխությունը, որով «զրոյացվել» են Պուտինի նախորդ նախագահական ժամկետները։
BBC-ն անդրադարձել է ընտրողների իրավունքների պաշտպանության Golos շարժման զեկույցին, որում Ռուսաստանում անցկացված քարոզարշավը համարվել է «ամենաանբովանդակը» երկրի նախագահի ընտրությունների պատմության մեջ։ Golos-ի փորձագետները եկել են այն եզրակացության, որ ոչ դաշնային, ոչ էլ տարածաշրջանային լրատվամիջոցները հետաքրքրություն չեն ցուցաբերել ընտրության նկատմամբ։ Իսկ թեկնածուները «նույնիսկ չեն էլ փորձում ցույց տալ թե պայքարում են նախագահի պաշտոնի համար»։ Այդ թեկնածուները փորձել են ուշադրություն չգրավել իրենց վրա և այս քվեարկության միակ ինտրիգն այն է, թե նրանցից ով կզբաղեցնի երկրորդ տեղը և ինչ արդյունքով։
Ռուսաստանում նախագահի ընտրության համար ստեղծվել է ավելի քան 94 հազար ընտրատեղամաս, պատրաստվել է մոտ 113,5 միլիոն քվեաթերթիկ, հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Փետրվարի 25-ից վաղաժամ քվեարկություն է անցկացվել դժվարամատչելի վայրերում, իսկ մարտի 1-ից՝ արտերկրում։ Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունն անցկացվում է նաև Ղրիմում և ՌԴ վերահսկողության տակ անցած՝ Ուկրաինայի տարածքներում։ Կիևն այդ տարածքների բնակիչներին կոչ է արել «չմասնակցել ՌԴ նախագահի «կեղծ ընտրությանը», գրում է BBC-ն: