Հայաստանն իրավունք ունի Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել, «Իզվեստիային» ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«Երկրներն իրավունք ունեն ձգտել իրենց ժողովրդի համար ավելի լավ ապագայի: Նրանք ազատ են որոշելու, թե ինչպես ապահովել նման ապագա։ Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցությանը, ապա յուրաքանչյուր եվրոպական երկիր՝ նրա ժողովուրդն ու կառավարությունը, պետք է որոշեն, թե արդյոք ցանկանում են դիմել ԵՄ-ին անդամակցելու համար»,- ասել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Եվրամիության դռները բաց են Հայաստանի առաջ։
Նա հիշեցրել է, որ երբ որևէ երկիր Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացնում, այն քննարկում են անդամ երկրները, այնուհետև նրանք համապատասխան որոշում են կայացնում «ԵՄ պայմանագրերի և սահմանված չափանիշների հիման վրա»։
Մարտի 13-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է անում դիտարկել Հայաստանին միությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը։