Հայաստանը գերակտիվ ջանքեր է գործադրել, որ ՀԱՊԿ-ի գործընկերների հետ ձևակերպվի այն նվազագույն փոխընդունելի ձևակերպումը, որով ՀԱՊԿ-ը պարտավոր էր անդրադառնալ Հայաստանի սահմանների խախտմանն ու սուվերեն տարածքի օկուպացիային: Նշել է Արարատ Միրզոյանը, նաև՝ հիշեցրել, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում իր մասնակցությունն այս պահին որոշակիորեն սառեցրել է հանրահայտ պատճառով:
«Մեզ համար մինչև այս պահն անհասկանալի է, թե ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն ինչպես են պատկերացնում Հարավային Կովկասում իրենց պատասխանատվության գոտին: Սա կազմակերպություն է այն մասին, որ մասնակից երկրները պարտավորվում են, ի թիվս այլ բաների, փոխօգնությամբ հանդես գալ և պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը: Ցավոք սրտի, այն պահին, երբ ՀՀ սուվերեն տարածքները ենթարկվեցին հարձակման ու օկուպացիայի, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտվեցին՝ մենք չտեսանք, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն ունեն փաստերի այն ձևակերպմամբ ընկալումը, որը ես ներկայացրեցի՝ սահմանների խախտում և սուվերեն տարածքների օկուպացիա: Սա, անշուշտ, հարցեր է առաջացնում հայկական կողմի մոտ: Եվ քանի դեռ այս հարցերի պատասխանները չունենք, մեր մասնակցությունն այնտեղ որոշակիորեն սառեցրել ենք»,- ասել է Միրզոյանը: