ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դիտել է «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացումը: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:
Վարչապետի տիկնոջ հետ միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը` Մարիամ Մարգարյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կինը` Աննա Գրիգորյանը:
«Նռան գույնը» պարային ներկայացումը նվիրված է Սերգեյ Փարաջանովի 100 ամյակին:
Հեղինակները նպատակ են ունեցել համադրել հայկական ավանդական և ժամանակակից պարը և երաժշտությունը:
ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ բեմադրության հեղինակը Ֆրանսիայում հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին է։ Գաղափարի հեղինակը Ֆրանսիայում գործող «Սաթէ–Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանն է։ Բեմադրության երաժշտությունը գրել է «Հող արթուն» խումբը, իսկ բեմական հագուստների ձևավորումն իրականացրել է Էդգար Մանուկյանը։
Ներկայացմանը ներգրավված յոթ պարողներից երկուսը հրավիրված են Հայաստանի Հանրապետությունից։