ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի նախաձեռնությամբ մարտի 15-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների զարգացման ու խորացման թեմայով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Քննարկմանը մասնակցել են խորհրդարանական բարեկամական խմբի անդամներն ու գործադիրի համապատասխան կառույցների և գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Ողջունելով մասնակիցներին խորհրդարանում՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ համատեղ քննարկման նպատակն է օրենսդիրի և գործադիրի սերտ համագործակցությունը՝ ի նպաստ հայ-հնդկական հարաբերությունների զարգացման:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ելույթում անդրադառնալով Հայաստան-Հնդկաստան հարաբերություններին, նշել է, որ վերջին տարիներին Հնդկաստանի հետ հարաբերությունները թևակոխել են ինտենսիվ զարգացման փուլ: Նա ընդգծել է, որ հայ-հնդկական հարաբերությունների զարգացման խորացումն ու առաջընթացը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, որն ամրագրված է Կառավարության ծրագրում. քաղաքական երկխոսության մակարդակում զգալի առաջընթաց է գրանցվել:
Հայ-հնդկական հարաբերությունների զարգացման հարցում կարևորվել է նաև միջխորհրդարանական համագործակցությունը: Քննարկվել են նաև առևտրատնտեսական ոլորտում հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել մշակույթի ոլորտում համագործակցությանն ու միմյանց մշակույթների նկատմամբ հետաքրքրության բարձրացման ու մշակութային արժեքների հանրահռչակմանը նվիրված ծրագրերի իրականացմանը:
Խոսելով մշակույթի ոլորտում համագործակցության մասին՝ ներկայացվել են հայ նկարիչ Սարգիս Խաչատուրյանի Աջանտայի քարանձավների որմնանկարների գործերը, որոնք մեծ հետաքրքրություն կարող են առաջացնել ոչ միայն օտարերկրացիների, այլև մեր հանրության համար՝ ընդգծելով հայ ժողովրդի հետաքրքրվածությունը հին ժողովուրդների մշակույթով և պատմությամբ:
Կարևորվել է համագործակցությունը ֆիլմարտադրության ոլորտում, զբոսաշրջության զարգացման հարցում և միջմարդկային շփումների խթանման ուղղությամբ: Մտքերի փոխանակման ձևաչափում պատգամավորները կարևորել են զբոսաշրջության և ֆիլմարտադրության, առողջապահության, միգրացիայի ոլորտներում համագործակցությունը, առևտրաշրջանառության ծավալների մեծացման անհրաժեշտությունը:
Մասնակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների զարգացման ծրագրերում ՀՀ ներգրավվածության և ՀՀ կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին առնչվող հարցերի:
Ամփոփելով քննարկումը՝ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նշել է, որ բոլոր ջանքերը պետք է ներդրվեն Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում՝ համոզմունք հայտնելով, որ բավարար ջանքեր գործադրելու դեպքում կարձանագրվեն իրատեսական արդյունքներ: Ծրագրերի իրականացման հարցում Հակոբ Արշակյանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում եւս կազմակերպել նմանատիպ քննարկումներ: