Եմենի հութի ապստամբների «Անսար Ալլահ» շարժումը Կարմիր ծովում մի քանի հականավային հրթիռներ է արձակել Pacific 01 առևտրային նավի ուղղությամբ, որը, պարզվել է, պատկանում է Իսրայելին: Միևնույն ժամանակ Եմենի օդուժը մի քանի անօդաչու սարքերի միջոցով Կարմիր ծովում հարձակում է իրականացրել ամերիկյան ականակրի դեմ։ Այդ մասին հայտարարել է շարժման ռազմական ներկայացուցիչը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնը հայտնել էր երկու առևտրային նավերի վրա հութիների հարձակման մասին: Նավերի անձնակազմի անդամների վիրավորվելու, նավերի վնասների մասին տեղեկություններ չկան:
Իր հերթին ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Եմենի հութիների վերահսկողության տակ գտնվող տարածքից 9 հականավային հրթիռների և երկու անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։
Հութիները, որոնք ներկայումս վերահսկում են Եմենի զգալի մասը, ներառյալ մայրաքաղաք Սանան, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի մոտ գտնվող երկրի հյուսիսային և արևմտյան շրջանների մի մասը, անցած նոյեմբերին սկսել են գնդակոծել նավերը Կարմիր ծովում: Ի պատասխան՝ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան պարբերաբար հարվածներ են հասցնում Եմենում հութիների օբյեկտներին: