Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Փոխնախարարը նշել է, որ վարկային ծրագիրը սկսվել է 2015 թվականից՝ 107 միլիոն դոլար ընդհանուր բյուջեով, որից 88.5 մլն դոլարը վարկային միջոցներ են, իսկ 18.5 մլն դոլարը՝ պետական համաֆինանսավորումն է: Ծրագրի առանցքային ցուցանիշն առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումն է և շուրջ 22.500 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովումը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ նախատեսված է նաև սեյսմիկ շինարարական նորմերի վերանայում: Այն արդեն իրացվել է, և ներկայում ՀՀ նորմատիվային բազան համապատասխանում է 9 միավորին. բոլոր նոր շինարարություններն իրականացվում են այդ նորմատիվային բազայի հիման վրա: Զեկուցողի խոսքով նախատեսվում են նաև սեյսմակայուն շինարարության ուղեցույցի մշակում, շինարարության բնագավառում աշխատող՝ առնվազն 100 մասնագետի վերապատրաստում և այլ գործառույթներ:
Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում արդեն կառուցվել և շահագործման է հանձնվել 16 դպրոց: Ներկայում ընթանում են 20 դպրոցների շինարարական աշխատանքներ, որոնք շահագործման կհանձնվեն մինչև 2026 թվականը: 10 դպրոցի նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են, վերջնաժամկետը 2027 թվականն է:
Ըստ փոխնախարարի՝ 2024 թվականի ընթացքում նախատեսվել է շահագործման հանձնել եւս 7 դպրոց: Բոլոր դպրոցները կկահավորվեն բացառապես նոր, ժամանակակից գույքով և լաբորատորիաներով: Մինչ այժմ իրականացված աշխատանքների արդյունքում ծախսվել է ծրագրին հատկացված ֆինանսական միջոցների շուրջ 80 տոկոսը: Վաչե Տերտերյանը պարզաբանել է, որ 2015 թվականին արված հիմնավորումները փոփոխվել են: Պատճառներից են դպրոցների ամրացման աշխատանքների փոխարեն նոր դպրոցների կառուցումը, շինանյութերի գների ու փոխարժեքի փոփոխությունները: Արդյունքում՝ 46 դպրոցների կառուցման ծրագիրն ավարտական փուլին հասցնելու համար նախատեսվում է ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում՝ 66,1 մլն եվրոյի չափով:
Պատասխանելով պատգամավոր Նարեկ Գրիգորյանի հարցին՝ փոխնախարարը նշել է, որ ի տարբերություն այլ ծրագրերի՝ վերջինս արդյունքահեն է: Ծախսվող գումարները նախնական պայմանավորվածությամբ կձևակերպվեն որպես արտոնյալ վարկեր, եթե ծրագրում ներառված 46 դպրոցները կառուցվեն որակով և ապահովեն աշակերտների անվտանգ կրթական պայմանները:
Ի պատասխան պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին՝ Վաչե Տերտերյանը նշել է, որ 46 դպրոցի շինարարական աշխատանքները կավարտվեն 2027 թվականին. նախագծման փուլում է 10 դպրոց, իսկ 20-ը՝ շինարարության փուլում:
«Սա միայն դպրոցաշինության ծրագիր չէ, սա նաև հանրային անվտանգության և հետճգնաժամային կառավարման բաղադրիչ ունի»,- ասել է փոխնախարարը:
Հանձնաժողովը քննարկել է նաև ««ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատար Ռաֆայել Գևորգյանը:
Ըստ զեկուցողի՝ Գերմանիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի չափով արտոնյալ վարկ՝ Կենտրոնական բանկի ներքո գործող գերմանա-հայկական հիմնադրամի խողովակով: Վարկը կուղղվի վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը: Մայր գումարի մարման ժամկետը 7 տարի է, իսկ ընդհանուր մարման ժամկետը՝ մինչև 2043 թվականն է:
Ծրագրի շրջանակում իրավաբանական անձանց համար սեփական սպառման նպատակով կկառուցվեն մինչև 500 մեգավատ հզորությամբ արևային կայաններ: Մեկ մեգավատ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն ինքնավար խմբերի և 500 կիլովատ հզորությամբ արևային կայաններ՝ ֆիզիկական անձանց համար:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքների նախագծերին: