ՀՀ ՆԳՆ ոստիկանություն քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ ինքը արնաքամ է լինում Երևան քաղաքի Պուշկինի փողոցում։ Նույն օրը՝ ժամը 02։36-ին, «Մխիթար Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ևս ահազանգ է ստացվել, որ Պուշկինի փողոցից «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության խմբի կողմից իրենց մոտ է տեղափոխվել անգիտակից վիճակում գտնվող անձ։ Պարզվել է, որ վերջինս Երևան քաղաքի բնակիչ Յուրի Մինասյանն է։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:
«Վերոգրյալի առթիվ 2024 թվականի մարտի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Յուրի Մինասյանը ճանաչվել է տուժող։
2024 թ․ մարտի 6-ին դեպքի վայրում Երևան քաղաքի Պուշկինի 58 հասցեում կատարված զննությամբ վերցվել է արնանման հետք։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությամբ վկաների մասնակցությամբ զննության են ենթարկվել ստացված տեսագրություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են նաև այլ ապացուցողական և վարութային գործողություններ։
Քննությամբ պարզվել է, որ Յ․ Մինասյանը մարտի 5-ին՝ ուշ երեկոյան, իր ընկերների հետ գտնվել է Երևան քաղաքի Պուշկինի փողոցում գործող «Բիթլզ» ակումբում, որտեղ տարաձայնություններ են առաջացել այնտեղ գտնվող մեկ այլ անձի՝ Երևան քաղաքի բնակիչ Հ․Մ․-ի հետ։ Պարզաբանումների նպատակով վերջիններս դուրս են եկել այնտեղից և գնացել Երևան քաղաքի Փարպեցու փողոցում գտնվող Սբ Զորավոր եկեղեցու հետնամաս։ Այնտեղ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հ․ Մ․-ն բռունցքներով հարվածներ է հասցրել Յուրի Մինասյանի դեմքի հատվածին՝ պատճառելով ծանր զուգակցված գանգուղեղային վնասվածք՝ գանգի բազմաթիվ ոսկրերի կոտրվածքներ։ Վերջինս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Ձեռք բերված փաստերի հիման վրա 2024 թ․ մարտի 9-ին վարույթ իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած Հ․ Մ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (խուլիգանական դրդումներով մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը նույն օրը բավարարվել է։
Հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը՝ Հ․ Մ․-ին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու նպատակով, սակայն վերջինս դեռևս չի հայտնաբերվել:
2024 թվականի մարտի 14-ին «Մխիթար Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ստացվել է տեղեկություն, որ նույն օրը՝ ժամը 06։30-ին, հոսպիտալացված Յուրի Մինասյանը մահացել է։
Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատախազություն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած Հ․ Մ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ և 15-րդ կետով (խուլիգանական դրդումներով մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ) նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը նույն օրը բավարարվել է։
Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում Հ․Մ․-ին հայտնաբերելու, ինչպես նաև դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: