Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր ներկայացվել է Հայաստանի Կառավարության 2021-26 թվականների ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը՝ քննարկվել է արտաքին քաղաքական բլոկը:
Հիմնական զեկուցող արտգործնախարար Արարատ Միրզոյանը խոսել է հայ-ադրբեջանական հարաբերություններից, նշել, որ 2023-ին կարողացել են խաղաղության պայմանագրի որոշ հարցերի շուրջ առաջընթաց գրանցել, բայց սկզբունքային հարցերում առայժմ շոշափելի արդյունքներ չկան: Միրզոյանը մատնանշել է, որ թեպետ 2023-ի ընթացքում տևական ժամանակ բանակցությունները դադարել էին, սակայն հիմա վերականգնվել են:
Արարատ Միրզոյան (ՀՀ արտաքին գործերի նախարար) - Երբ Ալիևը հրաժարվեց Գրանադայի և հաջորդ հանդիպումներից, նույն պահին դադարեցին նաև մեր բանակցությունները արտգործնախարարների մակարդակով, թեև այդ ընթացքում մենք փոխանակվել ենք խմբագրական առաջարկներով: Գիտեք, որ 24 թվականին հանդիպումներ վերսկսվեցին՝ Մյունխենում, հետո՝ Բեռլին: Ավելացնեմ միայն, որ շահագրգռված լինելով ապաշրջափակմամբ՝ մեր ընկալմամբ, մեր պատկերացրած սկզբունքներով, մենք հանդես ենք եկել նախաձեռնությամբ, որին տվել ենք «Խաղաղության խաչմերուկ» անունը: Մենք համոզված ենք, որ այս պատկերացումներով ենթակառուցվածքների ապաշրջափակումը ոչ միայն տնտեսապես շահավետ կլինի մասնակցող երկրներին, այլ նաև տարածաշրջանից դուրս՝ Չինաստանից մինչև Եվրոպա: Ոչ միայն տնտեսապես ձեռնտու կլինի մասնակիցներին, այլ նաև էականորեն կնպաստի խաղաղությանը: Մենք կիսվել ենք, մի մասը ողջունում է, ցավոք, Ադրբեջանի կողմից եղավ դիրքորոշում, որ սա ուտոպիա է: Այսօր ամբողջ աշխարհը ակտիվորեն ներգրավված է նոր լոգիստիկ ուղիների հաստատման, պայմանների դյուրացման ուղղությամբ, կարծում եմ, որ մենք պետք է ջանք չխնայենք հերթական անգամ մեծ ծրագրերից դուրս չմնալու համար: