Նախորդ տարի հուլիսին ԿԳՄՍՆ-ն հայտարարություն էր տարածել, որով տեղեկացվել էր մինչև 2030 թվականի՝ կրթության զարգացման պետական ծրագրով նախատեսված՝ բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների միավորման մասին, և որ այդ կոնտեքստում քննարկումներ են սկսվում, և առաջարկվել էր, որ բուհերը և ինստիտուտները մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը առաջարկներ, դիտարկումներ ներկայացնեն: Այժմ արդեն ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնք մանրամասնորեն քննարկելու են բոլոր տեսակետներն ու հիմնավորումները: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ օրերս արվեստների ուղղությամբ կայացել է առաջին քննարկումը, և որ Կոնսերվատորիայի ներկայացուցիչները ևս մասնակցել են այդ քննարկմանը:
«Սա բարդ գործընթաց է, շատ բազմաշերտ գործընթաց է, պարզ է, որ շատ բան պիտի հաշվի առնվի, և, իհարկե, սիրով բոլոր եղած կարիքները կլսենք, և շատ ուրախ եմ, որ ակտիվ են մեր ուսանողները, պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Կարծում եմ, որ միասին շատ խոսելու կարիք ունենք, մենք՝ իրենց ավելի լավ հասկանալու, իրենք՝ ծրագիրը ավելի լավ պատկերացնելու: Կարծում եմ՝ միակ ճիշտ ճանապարհը անընդհատ քննարկումների միջոցով հասկանալն է, թե որն է լավագույն լուծումը»,- ասաց նախարարը:
Ի պատասխան հարցին, թե հնարավո՞ր է՝ բուհերի միավորման ծրագիրը վերանայվի, և Կոնսերվատորիայի հարցը առանձնացվի, Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ միավորման ծրագիրն օրենք է, հաստատված է ԱԺ-ի կողմից, որտեղ արդեն իսկ ֆիքսված է թիրախը, թե պետական ֆինանսավորմամբ քանի բուհ պետք է ունենալ: