Հայաստանի թենիսի պատանեկան հավաքականի անդամներ Առնո Ավետիսյանն ու Խաչատուր Ավետիսյանը երկրորդ տեղն են զբաղեցրել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված Եվրոպայի մինչև 14 տարեկանների զարգացման առաջնության զուգախաղի մրցումներում:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ նույն տարիքային խմբում Մարիա Ազիզյանն ու Գայանե Բզնունին զուգախաղում հասել են մինչև կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, պարտություն են կրել:
Հայ պատանի թենիսիստներն առաջնությանը մասնակցել են մարզիչ Միքայել Ավետիսյանի գլխավորությամբ:
Մ12 տարեկանների միջազգային մրցաշարում էլ կիսաեզրափակիչ է հասել Սամվել Գևորգյանը:
Մրցաշարերին մասնակցել են նաև Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Բուլղարիայի, Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Թուրքիայի և այլ երկրների ներկայացուցիչներ:
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանի խոսքով՝ պատանի թենիսիստները բավականին գոհացնող մրցելույթներ են ունեցել:
«Մեր պատանի թենիսիստները, իսկապես, լավ արդյունքներ են գրանցում և որակապես բավականին հաջող խաղ են ցուցադրում: Այդուհանդերձ, ավելի հաջող ենք հանդես գալիս զուգախաղում, բայց վստահ եմ՝ մենախաղում ևս արդյունքները կբարելավենք ու կկարողանանք կրկնել Միքայել Ավանեսյանի ցուցանիշը. Եվրոպայի զարգացման առաջնության 20 տարվա պատմության մեջ Հայաստանի ներկայացուցիչներից միայն Ավանեսյանն է 2022 թվականին դարձել մենախաղի հաղթող»,- նշում է Գևորգ Կարամանուկյանը:
Ֆեդերացիայի գործադիր տնօրենը նաև տեղեկացրել է՝ մարտի 11-23-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցկացվում է Թենիսի միջազգային ֆեդերացիայի՝ մինչև 18 տարեկան տղաների և աղջիկների միջև վարկանիշային մրցաշար, որին 28 երկրի ավելի քան 100 թենիսիստ է մասնակցում: