Այսօրվա դրությամբ 606 հաստատված գործարք ունենք սահմանամերձ բնակավայրերում: Նաև նշեմ, որ ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիքի շահառու լինելը նույնպես հաստատվել է, այսինքն՝ նրանց քաղաքացիության կարգավիճակը համապատասխանեցվել է պայմանին: Նրանք հիմնականում երեխաներով ընտանիքներ են և առաջիկայում կկառուցեն իրենց տունը: Այդ մասին որոշումը Կառավարության՝ մարտի 14-ի նիստին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ նրանք ԼՂ-ից բռնի տեղահանված առաջին շահառուներն են, և որ պետք է ողջունել այդ փաստը:
«Ուրախ եմ, որ արդեն 7 ընտանիք (ընտանիքի հայտը - խմբ.) հաստատվել է ծրագրով: Այսինքն՝ իրենք սահմանամերձ գյուղում հողակտոր ունեն, արդեն ստացել են կամ վստահաբար կստանան գումարը կամ կսկսեն շինարարությո՞ւնը»,- հարցրեց Փաշինյանը: Դավիթ Խաչատրյանը պարզաբանեց՝ նրանք ունեն շինթույլտվություն, նախահաշիվ, և առաջիկայում ընթացք կտրվի պայմանագրի կնքմանը:
Փաշինյանը հետաքրքրվեց՝ Տավուշի մարզի սահմանամերձ հատվածներում ծրագրի շրջանակում կառուցվող տներ կա՞ն: Մարզպետ Հայկ Ղալումյանը ներկայացրեց փետրվարի տվյալները: Ըստ այդմ՝ Տավուշի մարզում առևտրային բանկերի կողմից հաստատվել է մոտ 250 վարկ, Կիրանցում՝ 13, Բերքաբերում՝ 16, Ոսկեվանում՝ 3, Բաղանիսում՝ 1: Կան արդեն տներ, որտեղ ներքին հարդարման աշխատանքներ են կատարվում, և շուտով մարդիկ կտեղափոխվեն:
Փաշինյանը նշեց՝ սա կարևոր ծրագիր է, և լավ է, որ պրոցեսը սկսվել է, նաև համոզմունք հայտնեց, որ դա տնտեսական լավ էֆեկտ է բերելու մարզերում և ընդհանրապես ՀՀ-ին:
«Այս թվերը ինչ-որ առումով ինդիկատոր են, թե մարդիկ ինչքանով են հավատում խաղաղության օրակարգին, և սա կարևոր է, որ պետք է խթանել, որ հատկապես այդ հատվածներում մարդիկ ավելի ակտիվ լինեն, և մեր աջակցությամբ նույնպես գյուղերում այդ պրոցեսը տեղի ունենա»,- ասաց վարչապետը:
Դավիթ Խաչատրյանը հավելեց՝ շուրջ 250 պայմանագիր արդեն կնքվել է, հաստատումները 355 են: Դա նշանակում է, որ առաջիկա օրերին կամ 1 ամսվա ընթացքում շուրջ 100 նոր պայմանագիր կավելանա միայն Տավուշի մարզում: