2024թ. մարտի 12-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա.Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին բացի Հանձնաժողովի անդամներից ներկա էին նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը և անհայտ կորած անձանց ծնողների շահերը ներկայացնող Արսեն Ղուկասյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից:
Նիստի ընթացքում Հանձնաժողովի նախագահ Ա. Աբազյանը խոսել է ապագա անելիքների և առաջնահերթությունների վերանայման անհրաժեշտության մասին, մասնավորապես, ընդգծվել է Ադրբեջանի համապատասխան կառույցի հետ բանակցություններ վարելու կարևորությունը՝ հաշվի առնելով համագործակցելու պատրաստակամության վերաբերյալ կողմերի հայտարարությունները:
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ քննչական կոմիտեում անհայտ կորած անձանց անհայտ կորելու հանգամանքների վերաբերյալ ընթացող նախաքննությանը: ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները ներկայացրել են նախաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:
Ընդգծվել է Հանձնաժողովի և ընտանիքի անդամների միջև մշտական տեղեկատվական կապ ապահովելու անհրաժեշտությունը: Նշվել է, որ Հանձնաժողովը և դրան կից աշխատանքային խումբը շարունակելու են աշխատել ծնողների և հարազատների հետ, ընդունել դիմումներ նրանց հուզող խնդիրների վերաբերյալ և կազմակերպել ընդունելություններ, քանի որ ծնողների տեղեկացված լինելու իրավունքի պաշտպանությունը Հանձնաժողովի գործունեության անքակտելի սկզբունքներից է:
Խոսվել է միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ համագործակցության, ինչպես նաև գերեվարված ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի շուրջ ընթացող բանակցությունների մասին:
Նիստի ընթացքում բարձրացվել են անհայտ կորած անձանց ծնողներին հուզող տարբեր ոլորտներին վերաբերող խնդիրներ, որոնց շուրջ քննարկումներ են ծավալվել և առաջարկներ են հնչել լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ: