Հարավային Կովկասում կայունության պահպանումը Թուրքիայի առաջնահերթություններից է՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։ Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի։
Նա անդրադարձել է Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակին, մտահոգություն հայտնել, որ հոկտեմբերից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 32.000, վիրավորվել 73.000 խաղաղ բնակիչ: «Գազան վերածվել է երեխաների և կանանց գերեզմանատան: Ցեղասպանության փաստը կոծկելու փոխարեն Իսրայելի կառավարիչները պետք է պատասխան տան Գազայում ծարավից ու սովից մահացող երեխաների համար»,- հայտարարել է Էրդողանը։
Խոսելով ռուս-ուկրաինական հնարավոր կարգավորման մասին՝ Թուրքիայի ղեկավարը նշել է. «Անկարան աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, միևնույն ժամանակ ընդգծում ենք՝ խաղաղության ցանկացած ծրագիր, որը բացառում է Ռուսաստանի ներգրավվածությունը, արդյունք չի տա»։
Նրա խոսքով՝ Թուրքիան այժմ երկխոսություն է վարում թե՛ Կիևի, թե՛ Մոսկվայի հետ: «Ստամբուլում ընդունել ենք պարոն Զելենսկուն, իսկ Ռուսաստանում ընտրությունից հետո կընդունենք նաև պարոն Պուտինին»,- հավելել է Թուրքիայի նախագահը: