ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են՝ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հանդիպել է մարզական լրագրողների հետ և ամփոփել «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգի փոփոխությունների շուրջ քննարկումները:
Կարգում նախատեսվող փոփոխությունների նախնական տարբերակը մշակվել է՝ հաշվի առնելով նաև մարզական լրագրողների կողմից ներկայացված առաջարկներն ու մասնագիտական դիտարկումները:
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի՝ 50 մլն դրամ մրցանակային ֆոնդը կմնա անփոփոխ: Կսահմանվեն նոր անվանակարգեր, որոնց հաղթողները կստանան 5-ական մլն դրամ՝ առանց հարկերի և տուրքերի: Մեկ անվանակարգի՝ «Հանդիսատեսի համակրանքի» դեպքում, որի հաղթողը կորոշվի էլեկտրոնային բաց քվեարկությամբ, որպես մրցանակ կսահմանվի հուշանվեր:
Կսահմանվեն նաև հետևյալ անվանակարգերը, որոնք նախատեսում են դրամական պարգևատրում՝
«Լավագույն եռյակ» (եռյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 5-ական մլն դրամ)
«Լավագույն կին մարզիկ»
«Հաշմանդամային սպորտով զբաղվող լավագույն մարզիկ»
«Լավագույն երիտասարդ մարզիկ»
«Լավագույն թիմ»
«Լավագույն վերադարձ / հայտնություն»
«Լավագույն մարզիչ»
«ՀՀ-ն լավագույնս հանրահռչակած մարզիկ»
Ընդ որում՝ մարզիկը կարող է ընդգրկվել միայն մեկ անվանակարգում՝ բացի «Հանդիսատեսի համակրանքից»:
Քվեարկությունը կանցկացվի փակ, գաղտնի ձևաչափով: Քվեարկությանը կմասնակցեն միայն մարզական լրագրողները: Ընդ որում՝ հավակնորդների ցանկում սահմանափակումներ չեն նախատեսվում:
Նախատեսվում է մրցանակաբաշխությունն իրականացնել յուրաքանչյուր տարվա հունվար ամսին, երբ բոլոր մրցաշարերն արդեն ավարտված կլինեն:
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգի վերջնական տարբերակը կշրջանառվի մեկամսյա ժամկետում: