Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ հետևել է «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի շինաշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:
6 մլրդ 796 մլն դրամ ընդհանուր արժողությամբ համալիրի կառուցման համար 2024 թվականին նախատեսվել է 1 մլրդ 534 մլն դրամ։
Սպորտային համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:
Այնուհետև Շիրակի մարզպետն ու քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի և աշխատակազմերի պատասխանատուների հետ շրջել են Արթիկի «Մոդուլային» տիպի, 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի շինաշխատանքների ընթացքին, որի ընդհանուր արժեքը 793 մլն 883 հազար դրամ է, 2024-ին նախատեսվել է 296 մլն 605 հազար դրամ։
Պատասխանատուները բոլոր շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել են աշխատանքների ընթացքը և ընդգծել առանց թերացումների և ժամկետներում դրանք ավարտելու կարևորությունը։