Նախագծերի փաթեթի հիմնական նպատակն է շրջիկ առևտրի պահանջարկի բարելավումը, շրջիկ առևտրի կետերի շրջանառության բարձրացումը, համապատասխանաբար նաև համայնքներում տեղական տուրքերի մուտքերի ավելացումը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը նպաստելը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 13-ի նիստում:
Վաչե Տերտերյանի խոսքով՝ դեռևս մեկուկես տարի առաջ ընդունվել է Երևան քաղաքում շրջիկ առևտրի կանոնակարգմանը վերաբերող օրենսդրական փաթեթը: «Եվ որոշում է կայացվել Երևանում կիրարկելուց հետո՝ աշխատունակ լինելու դեպքում, այն տարածել նաև մյուս համայնքների վրա»,- մանրամասնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը:
Քննարկված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է Երևանում գործող շրջիկ առևտրին վերաբերող իրավակարգավորումները կիրառելի դարձնել նաև մյուս համայնքներում:
Վաչե Տերտերյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, ներկայացրել է պարզաբանումներ շրջիկ առևտրով զբաղվող անձանցից առգրավված ապրանքների ճակատագրի, փողոցային առևտրի վերաբերյալ: Ըստ հիմնական զեկուցողի՝ օրենքի ճիշտ կիրարկման և պատշաճ վարչարարության պարագայում փողոցային առևտրի ծավալներն էապես կնվազեն: Նրա դիտարկմամբ՝ նկատվում է փողոցային առևտրի ծավալների նվազման միտում:
Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
Հանձնաժողովը կիրականացնի արտագնա նիստեր: