Որևէ երկրի հետ հարաբերությունների զարգացումը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և ազատության հաշվին. ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանում մասնագիտական փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների հետ մարտի 13-ին կայացած հանդիպմանը:
Ապագա դիվանագետները պատգամավորի հետ խոսել են ՀՀ անվտանգային խնդիրների լուծման ճանապարհների, տարածաշրջանում տիրող իրավիճակի, հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացման, Հայաստանի՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ կառույցներին անդամակցելու հարցերի մասին:
Արթուր Հովհաննիսյանը կարևորել է հարևան երկրների հետ դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների զարգացումը:
Պատգամավորն անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին: «ՀԱՊԿ-ը փաստաթղթերով միշտ եղել է մեր անվտանգային երաշխիքը, սակայն մենք արձանագրում ենք, որ կառույցը չի կատարել պայմանագրով ամրագրված իր պարտականությունները և մինչ օրս դեռ չի արձագանքել Հայաստանի սուվերեն տարածքի ճանաչման հարցին: Մենք չենք ստորագրելու որևէ փաստաթուղթ, քանի դեռ ՀՀ սուվերեն տարածքը չի ճանաչվել ՀԱՊԿ անվտանգային կառույցի կողմից»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դա իրենց քաղաքական դիրքորոշումն է, և որը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից:
Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացումը, ըստ բանախոսի, հնարավորություն կստեղծի Հայաստանին դուրս գալու տնտեսական նոր շուկա:
Խմբակցության քարտուղարն անդրադարձել է նաև խաղաղության պայմանագրի դրական կողմերին՝ նշելով, որ դա տարածաշրջանում կբերի որոշակի կայունացման:
«Մենք իրականացնում են քաղաքականություն, որը ՀՀ անկախության, զարգացման, քաղաքացիների երջանկության, մեր պետության հանրահռչակման և հավիտենության մասին է»,- հանդիպման ավարտին ասել է Արթուր Հովհաննիսյանը: