ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 13-ի նիստում մի շարք օրենսդրական նախաձեռնություններ քննարկել է երկրորդ ընթերցմամբ:
««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:
Նախագծով առաջարկվում է Պետական գույքի մասնավորեցման ծրագրից հանել «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը: Ընկերությունը երկար ժամանակ ընդգրկված է եղել Պետական գույքի մասնավորեցման ծրագրում, որից հետագայում հանվել է և ամրացվել արտակարգ իրավիճակների նախարարությանը: Այնուհետև, ծրագրեր չիրականացվելու պատճառով, այն մեկ անգամ ևս ներառվել է Պետական գույքի մասնավորեցման ծրագրում: Առնակ Ավետիսյանի խոսքով՝ կազմակերպությունը որևէ գործունեություն չի ծավալել, ունի գույք՝ 61.7 հա մակերեսով, որը հատկացվել է ՊՆ-ին՝ զինված ուժերի կարիքների համար օգտագործելու նպատակով: Այժմ շրջանառության մեջ է Կառավարության որոշման նախագիծ՝ կազմակերպությունը լուծարելու նպատակով:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:
Կառավարության հեղինակած ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության փաթեթը եւս արժանացել է դրական եզրակացության:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթում կատարվել են խմբագրական բնույթի փոփոխություններ:
Հաջորդիվ քննարկվել է ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների՝ թանկարժեք մետաղների, արտաքին առևտուրը կանոնակարգելու անհրաժեշտությամբ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Տերյանի տեղեկացմամբ՝ նախագծի ընդունումը հնարավորություն կտա խթանել Հայաստանի համար ռազմավարական համարվող թանկարժեք մետաղների վերամշակման խորացումը, ինչը կնպաստի առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի առաջարկով նախագծի քննարկումը հետաձգվել է մինչև 2 ամսով՝ որոշակի հարցեր լրացուցիչ քննարկելու անհրաժեշտությամբ պայմանավորված. խնդիրն այն է, որ առաջին ընթերցմամբ քննարկված և ընդունված օրենքի նախագծում թանկարժեք մետաղների արտահանման համար սահմանված 200 հազար դրամ պետական տուրքն իջեցվել է 180 հազարի: