Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում և ներդնել նոր պայմանագրային ձև, որը վերցված է ամերիկյան համանման կարգավորումների օրինակով: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 13-ի նիստում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատար Ռաֆայել Գևորգյանը` նշելով, որ նման պայմանագրերն անգլերեն հապավումով կոչվում են ՍԵՅՖ/SAFE պայմանագրեր, այսինքն` ապագայի կանոնադրական կապիտալ ստանալու նպատակով պարզ համաձայնագիր: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Սա, ըստ էության, որոշակի պայմանագրի տիպային ձև է, որը սկսնակ կազմակերպությունների համար շատ կարևոր դեր է ունեցել ԱՄՆ-ում: Խոսքն այն մասին է, որ սկզբնական փուլում ներդրողը կարողանա պայմանավորվել կազմակերպության հետ և այդ պայմանավորվածության արդյունքում այդ պահի դրությամբ չստանալ բաժնեմաս, բայց ապագայում, եթե որոշակի իրողություններ վրա հասնեն, այսինքն` եթե տեղի ունենա, օրինակ, այդ կազմակերպության ցուցարկում, կամ տեղի ունենա այդ կազմակերպության որոշակի ներդրումների ներգրավում, ապա արդեն, նախապես պայմանավորված չափաբաժնով բաժնեմասեր ստանա առաջին ներդրողը: Այսինքն` այս կարգավորումը կնպաստի, որ մեր սկսնակ կազմակերպությունները համապատասխան հնարավորություն ունենան «հրեշտակային» ներդրումներ ներգրավելու»,- պարզաբանել է զեկուցողը:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կստեղծվի զարգացման սկզբնական փուլում գտնվող ընկերություններում` ստարտափներում, օտարերկրյա ներդրումներ կատարելու համար պարզ և հասկանալի գործիք: Այդ գործիքի իրավական կարգավորումը կնպաստի ներդրումների և ներդրողների ներգրավմանը, զարգացման սկզբնական փուլում գտնվող ընկերությունների միջև ծագող իրավահարաբերությունների հստակ կարգավորմանը, կայունությանն ու կանխատեսելիությունը:
Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել: