Երեքշաբթի երեկոյան ռուսական ուժերը հարված են հասցրել Կրիվոյ Ռոգին։ Ուկրաինայի իշխանությունները առնվազն երեք հարված են արձանագրել, այդ թվում՝ ինը հարկանի շենքի վրա: Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է զոհված և վիրավոր խաղաղ բնակիչների մասին։
Ավելի վաղ Ռուսաստանը հրթիռակոծել էր Սելիդով բնակավայրը, վիրավորվել էր երկու կին, վնասվել էին մասնավոր և բազմահարկ շենքեր, էլեկտրահաղորդման գիծ։
ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ ռուսական զորքերը հետ են մղել ուկրաինական կազմավորումների՝ Բելգորոդի և Կուրսկի մարզեր ներխուժելու փորձը: Գերատեսչությունում պնդում են, որ դիվերսիոն խմբերը կենդանի ուժի և տեխնիկայի «զգալի կորուստներ» են կրել:
Նույն աղբյուրի համաձայն՝ անօդաչու թռչող սարքեր են խոցվել Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Լենինգրադի և Տուլայի շրջանների տարածքում։ Դրոնների անկման հետևանքով զոհերի կամ լուրջ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: