«Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։
Jako-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։ Մեծանալիս ինձ միշտ ասել են, որ աղջիկը պետք է իրեն «խելոք պահի», խոնարհ լինի, նորմալ հագնվի, շատ չխոսի, խենթություններ չանի»,- բացատրում է Ժակլինը։ Այս երգով Ժակլինը քննադատում է հասարակության ստեղծած արհեստական կանոնների և սահմանափակումների կիրառումը, որոնք, ըստ նրա, ստիպում են աղջիկներին մոռանալ իրենց իրական ես-ը, քանի որ նրանց անընդհատ թելադրում են, թե ինչպես պիտի պահեն իրենց և ով պիտի լինեն:
Երգը հաղորդագրություն է՝ ուղղված ինքն իրեն և աշխարհի բոլոր փոքրիկ Ժակոներին, որ ընդունեն իրենց իրական, վայրի, անբռնազբոս ես-երն ու գտնեն իրենց կոչումը, ինչպես Ժակլինն է արել իր արվեստի շնորհիվ։ Այն հրավեր է՝ վեր կենալու ու պարելու՝ չմտածելով, թե մարդիկ ինչ կասեն։
«Լադանիվա»-ն էթնիկ հնչյունների, յուրօրինակ փորձառությունների և բնականության միջմշակութային խառնուրդ է։ Խմբի անդամները մշտապես ճամփորդում են ու միավորում աշխարհի տարբեր կետերում գտած գույներն իրենց երաժշտության մեջ՝ ներկայացնելով դրանք հայկական տեսանկյունից։ Ինչպես «Լադանիվա»-ի գրեթե բոլոր երգերը, «Jako»-ն ունի երաժշտական ազդեցություն տարբեր մշակույթներից: Այս երգը ստեղծելիս Ժակլինը և Լուին մեծապես ներշնչվել են Հայաստանի, Բալկանյան երկրների, Հնդկաստանի և այլ մշակույթների հնչյուններից ու մեղեդիներից:
«Մեզ վրա մեծ ազդեցություն է թողել ֆրանսիական կղզու՝ Ռեյունիոնի տեղական երաժշտությունը։ Այնտեղ մենք հաճախ ենք լինում, և մեզ զարմացնում է, որ նրանց ռիթմերը շատ նման են հայկական երգերի ռիթմերին: Երբ այս հնչյուններով երգեր ենք նվագում, բոլորը պարում են՝ Հայաստանում և ամբողջ աշխարհում»,- ասում է Լուին։ «Ընդհանրապես այդ կղզին շատ նման է Հայաստանին՝ լեռնային, սուրճի բույրով, որը հուշեր է արթնացնում իմ սիրելի հայկական մթնոլորտի մասին»,- ավելացնում է Ժակլինը։
Երգը թողարկվել է 2023 թվականի սեպտեմբերին՝ որպես «Լադանիվա»-ի առաջին համանուն ալբոմի մաս՝ ֆրանսիական PIAS լեյբլի ներքո։ «Լադանիվա»-ն առաջադրել է «Jako»-ն՝ որպես «Եվրատեսիլ 2024»-ում իրենց երգ, և հաստատվելուց հետո այն մի շարք փոփոխությունների է ենթարկվել արդեն «Եվրատեսիլ» երգի մրցույթի համար: «Jako» երգի թե՛ խոսքի, թե՛ երաժշտության հեղինակները հենց այս տարվա պատվիրակներն են. խոսքը գրել են Ժակլինն ու Լուին, իսկ երաժշտության համահեղինակն է նաև Օդրի Լյուկլերը։ Երգի տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։ Տեսահոլովակի հագուստների հեղինակներն են Մերի Ստեփանյանը և Աստղիկ Սամվելյանը։
Տեսահոլովակի ռեժիսոր Արթուր Մանուկյանը նշում է. «Տեսահոլովակում փորձել ենք պահպանել այն բնականությունը, որով այդքան սիրելի է դարձել «Լադանիվա»-ն։ Այս անգամ, ի նշան հռչակավոր կինոռեժիսորի 100-ամյակի, որոշեցինք փարաջանովյան շնչով ներկայացնել «Լադանիվա»-ի յուրօրինակ և միջմշակութային արվեստն ու այնպես անել, որ ամեն դետալ լինի հայկական։ Փարաջանովից ներշնչված էլեմենտներն ու տրամադրությունը լրացնում են խմբի երաժշտական խտությունն ու բազմաշերտությունը՝ պահպանելով «Լադանիվա»-ի հոլովակների ազատ ու բնական ոճը»։
Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն ասում է. «Jako»-ն լավագույն ձևով է ներկայացնում «Լադանիվա»-ի երաժշտական բազմազանությունն ու ստեղծարարությունը։ Երգը շատ լուրջ հաղորդագրություն ունի, բայց այն ներկայացնում է զվարթ ու թեթև տրամադրությամբ։ Մենք հուսով ենք, որ այն կոգեշնչի մարդկանց ամբողջ աշխարհում՝ ընդունելու իրենց ներքին «Ժակոյին» և միանալու ազատության մեր այս ոգեշնչող պարին»:
Էթնիկ մեղեդիների միախառնման մեջ յուրահատուկ բան կա, և «Լադանիվա»-ն «Jako» երգով բոլորին հրավիրում է ամբողջ սրտով պարելու: