Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրվելու մասին: 64-ամյա ռումինացի քաղաքական գործիչը հիշեցրել է, որ Ռումինիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է 2004 թվականից։ Նախագահ Յոհանիսը կարծում է, որ «հաշվի առնելով անվտանգության ներկա իրավիճակը», եկել է ժամանակը, որ իր երկիրը ստանձնի էլ ավելի մեծ պատասխանատվություն: Ռումինիան, որը սահմանակից է Ուկրաինային, կարող է նպաստել «նոր տեսլականի ձևավորմանը»՝ հաշվի առնելով «լուրջ և երկարաժամկետ ռուսական սպառնալիքը»,- ընդգծել է քաղաքական գործիչը։
ՆԱՏՕ-ի ներկա գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դաշինքը ղեկավարում է 2014 թվականից։ 2023 թվականի փետրվարին նա հայտարարեց, որ չի երկարաձգի մանդատը, քանի որ դա արդեն տեղի է ունեցել երեք անգամ։ Վերջին անգամ ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում նրա մանդատը երկարաձգվել էր անցած հուլիսին Վիլնյուսում կայացած գագաթնաժողովում՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը։
Ստոլտենբերգի ամենահավանական իրավահաջորդն այս պահին համարվում է Նիդերլանդների հեռացող վարչապետ Մարկ Ռյուտեն, որի թեկնածությունը պաշտպանում են Գերմանիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, սակայն այն մերժել է Հունգարիան։ Արևելյան Եվրոպայի երկրները ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում նախընտրում են Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսին կամ Էստոնիայի վարչապետ Կայա Կալասին։
Սպասվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հաջորդ գլխավոր քարտուղարի անունը կհայտարարվի հուլիսին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։ Որոշումը պետք է հաստատեն դաշինքի բոլոր անդամները։