ՀՀ-ի շուրջ և մեր տարածաշրջանում անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ լարված, բայց կարևոր է, թե մենք ինչպես ենք վերաբերվում այդ իրավիճակին: Կարծում եմ՝ այդ իրավիճակին պետք է վերաբերվենք որպես մի հարցի, որի կառավարման պատասխանատվությունը մերն է, առաջինը՝ ՀՀ կառավարությանը: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ-ի շուրջ անվտանգային իրավիճակը, ինչ մարտահրավերներ ու ռիսկեր կան, ինչպես նաև պաշտոնական Բաքվի այն պահանջին, թե պետք է վերադարձնել 4 «ոչ էքսկլավային գյուղերը», նաև այն հարցին, որ Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ օկուպացված է պահում 31 ոչ անկլավային գյուղերի տարածքները:
Ըստ Փաշինյանի՝ երբ ասվում է՝ ՀՀ անվտանգության ապահովման գործում պետք է շեշտը դնել ՀՀ-ի լեգիտիմության վրա, պետք է նկատի ունենալ, որ ՀՀ-ն իր սահմանագծից դուրս ոչ մի հավակնություն չպիտի ունենա:
«Սա ՀՀ տարածքն է (ցույց է տալիս քարտեզը – խմբ.), և այս սահմանագծից դուրս մենք ոչ մի հավակնություն չպիտի ունենանք, որովհետև այս սահմանագծից դուրս ցանկացած հավակնություն օգտագործվելու է որպես մեր խոցելի տեղ և օգտագործվելու է մեր լեգիտիմության դիրքերը խաթարելու համար: Մենք ի՞նչ ենք ասում. ասում ենք՝ այս գծից այն կողմ ինչ կա, մերը չէ, այս գծից այս կողմ ինչ կա, մերն է»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ միլիմետրի ճշգրտությամբ գիտեն, թե որտեղով է անցնում ՀՀ սահմանը, և որ պետք է գնալ, տեղում սահմանը նայել:
«Մենք պատրաստ ենք գնալ, այո՛, լուծումների: Ինչի՞ ենք պատրաստ լուծումների. այն պատճառով, որ չե՞նք սիրում ՀՀ-ն և նրա ժողովրդին, ուղիղ հակառակը, որ սիրում ենք ՀՀ-ն և նրա ժողովրդին, և չենք ուզում նոր տառապանքներ բերել այդ ժողովրդին»,- ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանի որդեգրած դիվերսիֆիկացման քաղաքականությանը՝ վարչապետը նշեց, որ այսօրվա աշխարհում արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի մասին խոսել հաջողությունների մասին՝ տեղին չէ, քանի որ պետք է իրավիճակ կայունանա, որպեսզի հնարավոր լինի խոսել հաջողության մասին:
Նա նաև նշեց, որ Հայաստանի և տարածաշրջանի կայունությունը կախված է միջավայրի ու գլոբալ կայունությունից: