Երևանի ավագանին 32 կողմ, 2 դեմ, 0 ձայներով ընդունեց հանրային տրանսպորտի նոր ուղեվարձը սահմանելու նախագիծը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահություն հայտնեց, որ համակարգը կգործի:
«Շուտով կայքում կհրապարակենք մի հաշվիչ, որը թույլ կտա ձեր հանրային տրանսպորտից օգտվելը պլանավորել ֆինանսական տեսանկյունից, և ես ձեզ վստահեցնում եմ, որ այն ահասարսուռ և վախենալու թանկացումները, որոնք բարձրաձայնվում էին նախկինում և բարձրաձայնվում են այսօր, ուղղակի իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց Ավինյանը՝ հորդորելով երևանցիներին անձամբ ծանոթանալ նախագծին:
Նախորդ տարբերակի համեմատ, առաջարկվող նոր տոմսային փաթեթներից երեքում՝ ամսական, եռամսյակային և տարեկան, հանվել են երթևեկության սահմանափակումները: Այսինքն՝ նշված փաթեթներով այժմ հնարավոր կլինի երթևեկել անսահմանափակ, ընդ որում՝ թե՛ ավտոբուսով, թե՛ տրոլեյբուսով, և թե՛ մետրոյով, բայց սահմանված ժամկետում: Նույն երեք տոմսային փաթեթների գները նոր տարբերակով ավելի մատչելի են, քան նախորդ նախագծով էր առաջարկվել: Ընդհանուր առմամբ, մշակվել է տոմսային փաթեթների 7 տարբերակ՝ յուրաքանչյուրը էլեկտրոնային ու ֆիզիկական կրիչով տոմսի հնարավորությամբ՝ չհաշված «Զվարթնոց» օդանավակայանի ուղղությունը:
Ամսական փաթեթի համար սահմանվել է 9000 դրամ։ Եռամսյակային փաթեթի համար սահմանվել է 24 հազար դրամ։ Տարեկան փաթեթի համար սահմանվել է 90 հազար դրամ: Փոխքաղաքապետը նշեց, որ նախագծի ուժի մեջ մտնելը նախատեսված է սեպտեմբերի 1-ին, երբ արդեն գիծ դուրս եկած կլինեն 8,6 մետր երկարություն ունեցող 171 ավտոբուսներ։