Իրականությունն այն է, որ եթե նույնիսկ Ադրբեջանի հետ մեկ առ մեկ ենք խոսում կամ դեմ առ դեմ, Թուրքիայի ներկայությունը և՛ տեսնում ենք, և՛ զգում ենք: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների գործընթացում Թուրքիայի ներգրավվածության միտում տեսնո՞ւմ է:
«Կարծում եմ, որ Թուրքիայի հետ մեր հարաբերություններում մի կարևոր բան է տեղի ունենում, որը երբ ասեմ, կարող է նույնիսկ տարօրինակ հնչել, թե դրանում ինչ կարևոր բան կա: Մենք խոսում ենք իրար հետ, և ես համարում եմ, որ Թուրքիայի նախագահի հետ մենք ունենք խոսակցություն և երկխոսություն: Այդ երկխոսությունը շատ բարդ է, հեշտ չէ, բայց շատ կարևոր է, որ այդ խոսակցությունը լինի»,- ասաց նա:
Այս համատեքստում վարչապետը հիշեց, թե Պրահայում Թուրքիայի նախագահի հետ իր հանդիպման լուսանկարը, որը համացանցում էր հայտնվել, ինչ մեծ շփոթ ու աղմուկ էր առաջացրել Հայաստանում, և որ դա նաև Փաշինյանի թիմակիցների լարվածությունն էր առաջացրել: Վարչապետը, սակայն, նման հանդիպումները «տարօրինակ» չի համարում:
«Ընդհակառակը, տարօրինակ է, որ երկու երկիր, որ ընդհանուր սահման ունեն, իրար հետ խոսակցություն չունեն: Բայց մինչև այդ հանգամանքը հաշվի առնելը կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչքան ջանք է պահանջվում՝ կայացնել որոշում, գնալ և Թուրքիայում մասնակցել նախագաի երդմնակալության արարողությանը»,- ասաց նա և հավելեց, որ նույն համատեքստում սովորական բան պետք է լինեն նաև երկու երկրների նախագահների, ԱԳ նախարարների հեռախոսազրույցները:
«Այդ խոսակցության մեջ մենք երբեմն հասկանում ենք, որ առնվազն որոշ դրվագներում, էական չէ՝ կարևո՞ր, թե՞ անկարևոր, մենք իրենց ասածը չենք այդքան ճշգրիտ հասկանում, իրենք մեր ասածը չեն ճշգրիտ հասկանում, և այս չհասկացվածությունների արանքում առաջանում է նեգատիվ էներգիա, որը հասկացվածության արդյունքում չի նշանակում, որ կզրոյանա, բայց որ կնվազի՝ դա ակնհայտ է: Այդ նվազումը փաստ չէ, որ կբերի կոնկրետ արդյունքների, բայց որ առանց նվազման արդյունք չի լինի, դա երաշխավորված է»,- ասաց ՀՀ վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ հայ իրականության մեջ Թուրքիան հաճախ ոչ թե ընկալվում է մի երկիր, որը «մեր դիմացի հարևանն է», այլ ընկալվում է Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների միջոցով, մինչդեռ պետք է Թուրքիայի հետ օրակարգ ունենալ: Փաշինյանը նաև ափսոսանք հայտնեց, որ առկա օրակարգը պատշաճ արագությամբ չի իրացվում:
«Պետք էլ չէ ժխտել, որ Թուրքիան նաև միջազգային մեծ դերակատար է, մենք պետք է առերեսվենք այս փաստի հետ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, Փաշինյանը կարծում է, որ ճիշտ բանաձևը և ձևակերպումն այն է, որ պետք է չեզոք լինեն դերակատարները, որպեսզի կառուցողական դերակատարում ունենան, և որ միակողամանի լինել օբյեկտիվորեն չեն կարող: