Մենք պետք է սովորենք հույսներս մեզ վրա դնել, բացառապես մեզ վրա դնել: Արտաքին ու անվտանգային քաղաքականության դիվերսիֆիկացիան հույսը ինքդ քեզ վրա դնելու ձևերից մեկն է, որովհետև դա հարաբերությունների մի ձև է, երբ դու ունես հնարավորություն քո օրակարգի խնդիրները քննարկելու ավելի ու ավելի լայն շրջանակի հետ. երբ ավելի ու ավելի լայն շրջանակի հետ ես քննարկում այդ հարցերը, նշանակում է հույսդ դնում ես քեզ վրա, և սա մտածողության փոփոխություն է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ռուսական կողմից հնչող այն դիտարկումներին, թե ՀՀ-ն չպետք է հույսը դնի Արևմուտքի վրա:
«Կարծում եմ՝ լավ կլինի, որ այդ փոփոխությունն իսկապես արձանագրվի մեր մտածողության մեջ, իսկ մեր մտածողության մեջ արձանագրելու լավագույն ձևերից մեկը դա Սահմանադրության մեջ արձանագրելն է, որովհետև մենք չենք կարող կարդալ մեր մտքերը, մեր մտածողությունը, բայց մենք կարող ենք կարդալ այն փաստաթուղթը, որը մեր հանրությունն իր ազատ մտածողությամբ և կամարտահայտման միջոցով դե յուրե արձանագրել է: Եվ, այո՛, մենք հույսներս մեզ վրա պետք է դնենք, որովհետև երբ այդպես չէ, իրականության մեր ընկալումներն էլ են փոխվում»,- ասաց նա: