Եկեք արձանագրենք, թե որն է ՀՀ-ն, որպեսզի, այդ արձանագրումից ելնելով, մենք կարողանանք հստակ ձևակերպել, թե որտեղ և ինչպես Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ, և որտեղ է, որ, ըստ էության, չունի կամ հնարավոր է, որ չունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ քարտեզի տեսքով վիզուալ պատասխան ներկայացնելով հարցին, թե որն է ՀՀ սահմանը: Քարտեզում ներկայացվում է նաև Արծվաշենը:
«Այս պատկերը, որ ցույց տվեցի, սա ուղղակի պատկեր չէ, սա ՀՀ-ի՝ դե յուրե ամրագրված տարածքն է, ընդ որում՝ ոչ միայն միջազգայինորեն ճանաչված, այլև հենց ՀՀ-ի Կառավարության և պետական մյուս մարմինների որոշումներով արձանագրված, որովհետև ամեն տարի կամ ժամանակ առ ժամանակ, ընդ որում՝ դա տեղի է ունեցել և՛ հեղափոխությունից առաջ, և՛ հեղափոխությունից հետո, ՀՀ Կառավարությունը հաստատում է Հայաստանի հողային հաշվեկշիռը, որտեղ նկարագրվում է, ըստ էության, ՀՀ տարածքը, և այս համատեքստում այս արձանագրումը կարևոր է»,- ասաց նա:
Անդրադառնալով քննարկումներին, թե, իբր, ՀՀ-ն պատրաստվում է Տավուշի մարզի գյուղեր հանձնել Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին: ...Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնվում են գյուղերի անուններ, ՀՀ-ի տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել: Երբե՛ք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել և ՀՀ տարածքում, ընդ որում՝ ոչ միայն խորհրդային ժամանակներում, այլև խորհրդային ժամանակներից հետո»,- ասաց նա:
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը Ալմա-Աթայի հռչակագրով ու 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած համաձայնություններով վերահաստատվել է, և որ Ալմա-Աթայի հռչակագիրը դարձել է սահմանների և փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմք:
«Դելիմիտացիայի այս գործընթացում մենք պետք է աշխատենք որևէ ֆորմատով այդ սահմանը վերարտադրելու վրա, և հիմա այս պրոցեսում մենք պետք է արձանագրենք, որ մենք պետք է ելնենք դե յուրե իրողությունից. այն, ինչ որ Հայաստան է, Հայաստան է, այն, ինչ Հայաստան չէ, Հայաստան չէ, այն, ինչ որ Ադրբեջան է, Ադրբեջան է»,- ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց, թե տեսակետներ կան՝ դելիմիտացիան ինչպես պետք է կատարվի, բայց նաև նշեց, որ երբեք չի բացառել, որ դելիմիտացիան պետք է սկսել Տավուշի մարզից:
«Բանակցային պրոցեսներում երբեմն եղել է տպավորություն, որ մենք կարող ենք, որոշակի իրողությունները հաշվի առնելով, տարածքների այս սահմանի գծի վերականգնումից հետո կամ զուգընթաց տարածքների որոշակի փոխանակումներ անել այն իմաստով, որ չնայած դե յուրե սահմանն այստեղ է, բայց դե ֆակտո, իրողություններ նկատի ունենալով, ինչ-որ փոփոխություններ անել: Բայց ես տեսնում եմ, որ նման հնարավորությունները մեծ չեն, կամ դա կարող է դեֆորմացնել գործընթացը և լրացուցիչ ռիսկեր բերել, և այդ պատճառով կարծում եմ, որ առաջիկայում մենք պետք է նաև գործողություններ անենք հետևյալ տրամաբանությամբ. մենք նայենք այնտեղ, որտեղ, օրինակ, մեր կոմունիկացիաները մեր այս պայմանավորվածությունների վրա հիմնված դե յուրե սահմաններից դուրս են, այդ հատվածները վերակառուցենք, որպեսզի ՀՀ բոլոր կոմունիկացիաներն անցնեն ՀՀ-ի բոլոր դե յուրե տարածքով, որպեսզի մենք այդ ոլորտում խնդիրներ չունենանք»,- ասաց նա՝ նշելով, որ առաջիկայում այցելություն կունենա Տավուշի մարզ՝ տեղում հնարավոր խնդիրներին ծանոթանալու:
Փաշինյանը նաև ընդգծեց, որ այս մասով այս պահի դրությամբ դեռ որոշումներ չկան, բայց նաև նշեց, որ ՀՀ դիրքորոշումն այն է, որ ՀՀ անվտանգության ապահովման հարցում պետք է առանցքային և կարևոր ևս մի կոմպոնենտ ավելացնել, այն է՝ լեգիտիմության կոմպոնենտը:
«Այդ տրամաբանությամբ, կարծում եմ, պետք է գնալ լուծումների, և ՀՀ դե յուրե սահմանները արձանագրել, ճանաչել և դե ֆակտո գործողությունները տեղավորել դե յուրե սահմանների ներսում»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ պետք է ՀՀ-ն նաև շահագրգռվածություն ցույց տա, որ սահմանագծման և սահմանազատման գործընթացը տեղից շարժվի՝ միաժանմանակ ապահովելով պրոցեսի իրավական հենքը, ֆունկցիոնալ հարցերի լուծումը և անվտանգությունը: