Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել Հայաստանի անկախությունից ի վեր «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնելու և անվտանգություն ապահովելու, սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության և մատուցված ծառայության համար: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Տեղեկացրել են` քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են, այս ամբողջ ընթացքում, այդ թվում` ՌԴ մեր գործընկերների աջակցությամբ, ՀՀ-ի սահմանապահ ծառայությունը, մասնավորապես «Զվարթնոց» օդանավակայանում, արդեն իսկ բավարար փորձ, հմտություն և հնարավորություններ է ձեռք բերել, որպեսզի «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության, և սա է ամբողջ նամակը և բովանդակությունը»,- նշեց վարչապետը:
Հիշեցնենք, որ ինչպես հայտնել էր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ-ն «Զվարթնոցից» ՌԴ սահմանապահներին դուրս բերելու մասին տեղյակ պահել է ՌԴ-ին պաշտոնական նամակով: