Երկուշաբթի Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում բարձրացվել է Շվեդիայի ազգային դրոշը՝ ի պատիվ երկրի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին:
Դրոշի բարձրացման արարողությունը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի և Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր Վիկտորիայի ներկայությամբ։
«Սա պատմական օր է, մենք ողջունում ենք Շվեդիային ՆԱՏՕ-ում: Շվեդիայի անդամակցությունը դաշինքին մեզ ավելի ուժեղ է դարձնում»,- ասել է Ստոլտենբերգը՝ հավելելով, որ «դաշինքի դռները բաց են»։
Իր հերթին Քրիստերսոնն ասել է, որ անդամակցելով ՆԱՏՕ-ին՝ «Շվեդիան վերադարձավ հայրենիք՝ իր հարևանների հետ անվտանգության ոլորտում համագործակցության համար»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը միաժամանակ հայտարարել է, որ դաշինքը չի նախատեսում միջուկային զենք տեղակայել Շվեդիայում, այդ երկրի վարչապետն էլ նշել է, որ Շվեդիան իր տարածքում չի տեսնում ոչ միջուկային զենքի, ոչ էլ ՆԱՏՕ-ի ռազմաբազաների անհրաժեշտությունը խաղաղ պայմաններում։
Շվեդիայի պետական օրհներգի ներքո, ՆԱՏՕ-ի զորքերի ներկայացուցիչները բարձրացրել են այդ երկրի դրոշը, իսկ արարողության ավարտին հնչել է դաշինքի օրհներգը։