Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն այսօր՝ մարտի 11-ին, հանդիպել է Աթենքի ակադեմիայի նորընտիր նախագահ Ստամատիոս Կրիմիզիսի հետ: Այս մասին տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:
«Հանդիպմանը մասնակցում էին նաև ակադեմիայի անդամներ, Աթենքի ակադեմիայի նախկին նախագահ Միխայիլ Ստաթոպուլոսը, ինչպես նաև Հունաստանի նախկին նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ակադեմիական ոլորտում փոխգործակցության ծրագրերը, գիտահետազոտական ինստիտուտների միջև համագործակցության հեռանկարները, ինչպես նաև հայ գիտնականների հետ համատեղ համաժողովների և դասախոսությունների կազմակերպման հնարավորությունները։
Մտքեր փոխանակվեցին ազգագրության, հնագիտության, փիլիսոփայության և այլ ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:
Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի Գիտությունների ազգային և Աթենքի ակադեմիաների միջև համագործակցության նոր հուշագիր կնքելու հարցին»,- ասված է հաղորդագրության մեջ: