Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական առևտրատնտեսական ոլորտի մի խումբ ընկերությունների ներկայացուցիչներին։ Քննարկվել են քաղաքաշինության բնագավառում հայ-իրանական համագործակցության հեռանկարները։
Ինչպես հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից, իրանցի գործարարները ներկայացրել են յուրաքանչյուր ընկերության գործունեության ուղղությունները և ցանկություն հայտնել իրացնելու իրենց ներուժը նաև Հայաստանում։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը ողջունել է իրանական ընկերությունների ակտիվությունը՝ հաշվի առնելով Հայաստանում ընթացող մեծածավալ շինարարությունը։
Իրանցի գործարարները ներկայացրել են բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների նախագծման ու կառուցման ոլորտում մեծ փորձը՝ ընդգծելով իրենց հետաքրքրվածությունը՝ ներգրավվելու քաղաքաշինական նման ծրագրերում նաև Հայաստանում։ Դիտարկվել են շինարարական կոնստրուկցիաների, արդյունավետ տեխնոլոգիաների կիրառման, շինարարական տարբեր նյութերի արտադրության ստեղծման հնարավորությունները։
Հաշվի առնելով երկու երկրներում սեյսմիկ ռիսկի մակարդակը՝ առանձնահատուկ կարևորվել են նախագծման փուլից սկսած երկրաշարժադիմացկունության ապահովման միջոցառումները։ Անդրադարձ է կատարվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի մատչելիությունն ապահովող լուծումներին։
Դավիթ Գրիգորյանը հյուրերի ուշադրությունը հրավիրել է երկրում անցկացվող շինարարական ցուցահանդեսներին, որոնք կարող են լավ հարթակ դառնալ ոլորտի հայաստանյան մասնավոր ընկերությունների հետ գործընկերության հաստատման համար։
Կողմերը պայմանավորվել են փոխանակել անհրաժեշտ տեղեկատվություն՝ փոխշահավետ համագործակցություն սկսելու նպատակով։