Եվրոպական երկրները գրեթե կրկնապատկել են հիմնական սպառազինությունների իրենց ներմուծումը։ Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ 2019-2023 թվականներին զենքի գնումներն աճել են 94%-ով՝ նախորդ հնգամյա ժամանակահատվածի համեմատ։
Պատերազմի բռնկումից հետո և 30 երկրներից ռազմական օգնություն ստանալու հետ կապված՝ Ուկրաինան դարձել է աշխարհում սպառազինությունների չորրորդ խոշորագույն ներկրողը։
Կազմակերպությունը մանրամասներ է ներկայացրել զենքի արտահանման հարցում կատարված փոփոխությունից: Հետազոտությունների ինստիտուտի տվյալով՝ աշխարհում զենքի խոշոր արտահանողների ցանկում Ֆրանսիան, 47%-ով ավելացնելով արտահանումը, առաջ է անցել Ռուսաստանից՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: Փարիզը զենքի 42%-ը մատակարարում է Ասիայի և Օվկիանիայի երկրներին, 34%-ը՝ Մերձավոր Արևելք: Ֆրանսիական ռազմական զինանոցի հիմնական գնորդը Հնդկաստանն է (30%), ռազմական մատակարարումների խոշոր գործարքներ են ստորագրվել նաև Կատարի և Եգիպտոսի հետ:
Ինստիտուտի զեկույցի համաձայն՝ 2019-2023 թվականներին Ռուսաստանից զենքի արտահանումը 2014-2018 թվականների համեմատ կրճատվել է 53%-ով:
Ռազմական արտադրանքի արտահանմամբ առաջին տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ն, որն ավելացրել է վաճառքները 17%-ով, և այսօր նրան է պատկանում աշխարհում ռազմական մատակարարումների 42%-ը: ԱՄՆ-ը զենք է վաճառում աշխարհի 107 երկրի։
Զենքի խոշոր արտահանողների ցանկում են նաև Չինաստանը, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իսրայելը և Հարավային Կորեան: