«ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարերի անցկացման կարգում, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տեղի են ունեցել փոփոխություններ. սեղանի թենիսի և խճուղային հեծանվավազքի մրցաշարերը կանցկացվեն միայն դպրոցականների համար: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ փոփոխությունները պայմանավորված են մրցաշարերի արդյունավետության բարձրացման, մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին հետագա մասնակցության ապահովման նպատակով:
«Ի սկզբանե «ՀՀ վարչապետի գավաթ» 5 մրցաշարերից միայն մեկն էր անցկացվում բացառապես դպրոցականների համար՝ թիմային խճուղավազքը: Վերջինս ցույց տվեց, թե որքան արդյունավետ է, երբ հանրապետության տարբեր մարզերից բարձր դասարանների աշակերտները հավաքվում են, ճամբարային տարբերակով մեկ օր անցկացնում միասին, իսկ հաջորդ օրը մասնակցում են մրցմանը: Հաշվի առնելով այս ձևաչափի արդյունավետությունն ու նաև դպրոցների կողմից բավականին մեծ հետաքրքրությունն ու ակտիվությունը՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի և խճուղային հեծանվավազքի մրցաշարերի ձևաչափերը ևս փոխվել են ու նախատեսված կլինեն միայն դպրոցականների համար»,- ներկայացնում է Կարեն Գիլոյանը:
Սեղանի թենիսի մրցաշարը կանցկացվի 2 տարիքային խմբերով: Մրցաշարին կմասնակցեն ՀՀ հանրակրթական դպրոցների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը՝ յուրաքանչյուր դպրոցի թիմերի կազմում՝ 5-9-րդ և 10-12-րդ դասարանների 2-ական տղա և 2-ական աղջիկ, ֆիզկուլտուրայի 1-ական ուսուցիչ:
«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի նախընտրական փուլերը կմեկնարկեն ապրիլի 1-ից ՀՀ համայնքներում և Երևան քաղաքի վարչական շրջաններում: Մրցաշարի եզրափակիչ փուլը կանցկացվի ապրիլի 27-28-ը: Մասնակիցները կգիշերեն Հանքավանում, իսկ հաջորդ օրը եզրափակիչ փուլի շրջանակում կմրցեն Չարենցավանում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ արմատական փոփոխություններ են եղել նաև «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի անցկացման կարգում:
«Այն ևս անցկացվելու է ճամբարային տարբերակով, ընդ որում՝ դպրոցականների թիմային ձևաչափով: Սա, վստահ ենք, իսկական մասսայական միջոցառում կդառնա: Նախևառաջ գնելու ենք 6500 հեծանիվներ և տրամադրելու հանրապետության բոլոր դպրոցներին՝ մարզվելու և հետո մրցումներին մասնակցելու համար: Խմբային փուլի արդյունքներով ուժեղագույնները կմասնակցեն եզրափակիչ փուլին, որը դարձյալ կանցկացվի Սևանա լճին հարող տարածքում: Բավականին լուրջ մրցատարածություն ենք սահմանել՝ 20 կմ: Հեծանիվները մնալու են դպրոցներում, որպեսզի բնակավայրերում երեխաներն ավելի շատ վարեն հեծանիվներ»,- ասել է Կարեն Գիլոյանն ու տեղեկացրել՝ հեծանիվների գնման տենդերը հայտարարված է, իսկ հեծանիվների համար բավականին բարձր բնութագիր է տրվել:
Նախարարի տեղակալի խոսքով՝ մրցաշարերը շարունակելու են մրցանակային լուրջ ֆոնդ ունենալ. պարգևատրվելու են թե՛ անհատ մասնակիցները, թե՛ դպրոցները, թե՛ ֆիզկուլտուրայի մարզիչ-ուսուցիչները: Սա, Կարեն Գիլոյանի փոխանցմամբ, լրացուցիչ խթան կլինի՝ ավելի եռանդով մասնակցելու և արդյունավետ ելույթներ ունենալու համար:
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունն ավելի վաղ հավելյալ 64 մլն դրամ էր հատկացրել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի, խճուղավազքի, խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարերի և ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև ռազմամարզական խաղերի անցկացման նպատակով:
Կարեն Գիլոյանի խոսքով՝ ուժային կառույցների միջև ռազմամարզական խաղերին նախկին 8 թիմի փոխարեն կմասնակցի 18-ը. «Մրցաշարը շատ ավելի բազմաքանակ է լինելու, ընդգրկվելու են ավելի մեծ թվով կառույցների ներկայացուցիչներ: Այստեղ նույնպես հետաքրքիր նորություններ կլինեն, մրցաձևերը փոփոխության կենթարկվեն, ինչպես նաև նախատեսում ենք ավելի մեծ թվով կանանց ներգրավում: Վստահ եմ՝ շատ հետաքրքիր կանցնեն նաև ռազմամարզական խաղերը»:
Ակնկալվում է, որ մրցաշարերի անցկացման համար նախատեսվող հավելյալ գումարի տրամադրումը հնարավորություն կտա խթանելու զանգվածային մարզական միջոցառումներին աշակերտների, սիրողական մարզիկների, ուժային կառույցների ներկայացուցիչների հետագա մասնակցության ապահովումը: