Բուհերի խոշորացման գործընթացի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակում ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ ոլորտային կազմակերպությունների ներգրավմամբ: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
«Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված ցանկը, որի շուրջ առաջացել են թյուրընկալումներ, աշխատանքային խմբերում ընդգրկված կազմակերպությունների վերաբերյալ է, ոչ թե միավորման կամ խոշորացման:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն խնդրի առնչությամբ հանդես է եկել պարզաբանմամբ, որում, մասնավորապես, նշվում է. դեռևս 2023 թվականի հուլիսին ԿԳՄՍ նախարարի հրավերով ՀՀ-ում գործող բուհերին և պետական գիտական կազմակերպություններին առաջարկվել էր քննարկել և մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը ներկայացնել հայեցակարգային առաջարկություններ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ: Հրավերով ներկայացվել էին նաև այն 6 ուղղությունները, որոնց շուրջ նախատեսվում է կազմակերպել խոշորացման գործընթացը:
Ժամկետի ավարտին ստացվել են համապատասխան առաջարկություններ, որոնց հիման վրա նախապես հայտարարված 6 ուղղություններով ձևավորվել են աշխատանքային խմբերի նախնական կազմերը:
Շահառու կազմակերպությունները, ինչպես նաև ոլորտում գործունեություն ծավալող այլ կազմակերպություններ նախապես առաջադրել են ներկայացուցիչներ, որոնց մասնակցությամբ աշխատանքային խմբերի ձևաչափով առաջիկայում քննարկվելու են խոշորացման գործընթացին, ինչպես նաև կլաստերների կառուցվածքին և կառավարման մոդելին վերաբերող հարցեր:
2023 թ. մարտի 7-ին «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի կողմից շահառու բուհերին և կազմակերպություններին ուղարկվել է ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակում ձևավորվող վերոնշյալ աշխատանքային խմբերի կազմը: Բուհերը միաժամանակ տեղեկացվել են, որ աշխատանքային խմբերի կազմերի վերաբերյալ հնարավոր բոլոր դիտարկումները ենթակա են քննարկման աշխատանքային խմբերի առաջիկա հանդիպման ժամանակ:
Կլաստերների կառուցվածքը մշակվելու է աշխատանքային խմբերի առաջիկա հանդիպումների ընթացքում, որոնց ժամանակ քննարկվելու և դիտարկվելու են նաև այդ խմբերի ցանկերում ներառված բոլոր բուհերի և կազմակերպությունների առաջարկները, մտահոգությունները և դիտողությունները:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ակադեմիական քաղաքի հայեցակարգով նախատեսվում է 6 կլաստեր՝ դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական:
Սպայական կլաստերի կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ քննարկումները հանրային ձևաչափով չեն նախատեսվում՝ հաշվի առնելով ոլորտին առնչվող առանձնահատկությունները»,- նշվում է պարզաբանման մեջ: