Երևանում գույքագրվել է շուրջ 50 հուշարձան-շենք, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց ու ընկերությունների, բայց ունեն բարեկարգման կարիք: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։
Քաղաքապետարանը 2024-ի հունվարին դիմել էր ԿԳՄՍՆ-ին ծանուցման գործընթացի արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով, ըստ այդմ՝ պարզվել է, որ ԿԳՄՍՆ-ի փոստային ծանուցումները վերադարձվել են՝ հասցեատեր չունենալու կամ այլ պատճառներով: ԿԳՄՍՆ-ն դիմել է ՆԳՆ-ին հուշարձան-շենքերի սեփականատերերի փաստացի բնակության, իսկ ընկերությունների դեպքում՝ գրանցման հասցեները տրամադրելու հարցով, սակայն տեղեկատվությունը բավարար չի եղել ընթացքն ապահովելու համար:
«Նախարարության կողմից ուղարկված ծանուցումներին արձագանքել է միայն 1 սեփականատեր՝ պատրաստակամություն հայտնելով ներկայացնել հուշարձանի վերականգնման էսքիզային նախագիծ»,- զեկուցեց Գոշ Սարգսյանը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց, որ ոչ բավարար ջանք է ներդրվում այս ուղղությամբ:
«Մենք ավագանու որոշմամբ նույնպես ունենք նոր հնարավորություններ՝ սեփականատերերին որոշակի տույժերի ենթարկելու։ Ես առաջարկում եմ այս շաբաթ ունենանք քննարկում, որպեսզի այդ մեխանիզմը սկսենք աշխատեցնել, որովհետև այդ լիազորությունը մեզ տրված է, ավագանին էլ մեզ լիազորել է: Կարծում եմ՝ քննարկման արդյունքում պրոցեսը մի փոքր տեղից կշարժվի»,- ասաց Ավինյանը։