Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծանախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթն ավարտվել է, որի արդյունքում հաղթող կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Այս պահին Երևանի քաղաքապետարանի հատուկ ծրագրերի վարչությունում ճարտարապետահատակագծային փաստաթղթերը կազմման փուլում են: Ավարտական փուլում է նաև ազդեցության տակ գտնվող հողերի գերակա շահի որոշման նախագծի պատրաստումը, որն այս շաբաթ կշրջանառվի:
Քաղաքապետը հիշեցրեց, որ երկու ամիս փորձաքննություն է տեղի ունենալու, որից հետո լինելու է համալիր քննություն, որը պարտադիր պահանջ է:
«Մենք ուզում ենք սկսել այս տարի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, և, հետևապես, սա պահանջում է նաև մեր կողմից ջանք, որպեսզի մեր բոլոր գործընկերները տեղեկացված լինեն նախագծից, որպեսզի համալիր փորձաքննության փուլը նույնպես հնարավորինս սեղմ ժամկետներում անցնենք»,- ասաց Ավինյանը: