Երեկ երեկոյան` 21:00-ի սահմաններում, վթարվել է Արզնի 2-Երևան ջրատարը, որի միջոցով իրականացվում է Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների 25 տոկոս բաժանորդների ջրամատակարարումը: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ հողի շերտերի փլուզման հետևանքով փոխվել է Հրազդան գետի հունը, որի հետևանքով անանցանելի է ջրագծին մոտեցնող ճանապարհը, ջրագիծը ծածկվել է ջրով, ինչի պատճառով հնարավոր չէ իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ:
Այս պահին արդեն իսկ սկսվել են նախապատրաստական աշխատանքներ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Մեծ ծավալի գրունտային աշխատանքներ պետք է կատարվեն գետի հունը տեղափոխելու համար, նոր միայն վթարավերականգնողական աշխատանքները կսկսվեն:
Քաղաքապետին զեկուցվեց, որ գիշերվա ընթացքում նախնական ջրանջատումներ եղել են, օրվա ընթացքում՝ մինչև ջրամատակարարման վերականգնումը, կմշակվեն ռեժիմները, կհայտարարվեն գրաֆիկները:
Տիգրան Ավինյանը ցանկացավ ճշտել` արդյոք դա այն հատվածն էր, որ Երևանից դուրս էր, ու մի ժամանակ այնտեղ նաև շինաղբ էին թափում:
«Այո, դա վերաբերում է Քանաքեռավանին հարող հատվածին, մեկ տարի առաջ այդտեղ լանջ է փլուզվել, փոխել հունը, հիմա մի քիչ ներքև, որտեղ «Վեոլիան» տեղափոխել էր խողովակը, շինաղբով չի պայմանավորված, ուղղակի դրանք սողանքային լանջեր են: Հիմա շինաշխատանքները պետք է կատարվեն ամբողջ ծավալով. կամ պիտի վերատեղադրվի խողովակը, կամ փոխվի հունը: Մենք Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի հետ այնտեղ կլինենք, կտեղեկացնեմ ընթացքի ու արդյունքների մասին»,- զեկուցեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը: