Գիշերը վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը։ Այս մասին հայտնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից:
Երևանի «Կորեայի ձոր» կոչվող հատվածում ժայռաբեկորների թափման, Հրազդան գետի հունի փոխվելու հետևանքով ջրատարը հայտնվել է գետի մեջ և հերթական անգամ վթարվել։
Ջրատարից սնվող բնակավայրերի ջրամատակարարումը մի քանի օր կիրականացվի գրաֆիկի խախտումներով։ Թիմի մասնագետներն արդեն մշակում են Երևան մտնող ջրաքանակի ճիշտ բաշխման մեխանիզմ, որպեսզի հնարավորինս մեղմվի «Արզնի 2» ջրատարից սնվող բնակավայրերում ջրամատակարարման խնդիրը։