Խաչիկ գյուղի վարկային մղձավանջն ավարտված է: Սահմանամերձ գյուղի 77 բնակիչ ամբողջ 9 տարի պատանդ էր մնացել տեղական երկու ձեռներեցի առևտրական ծրագրերին: 52 հոգու անունից և ևս 25 հոգու երաշխավորությամբ վերցրած ոչ մի վարկ ձեռներեց ամուսինները նպատակային չեն օգտագործել: Փետրվարի 29-ին կառավարությունը որոշեց վերջ դնել սեփական գյուղում ուրիշների վարկային գործարքներից տուժած գյուղացիների անճարակությանը: Կառավարությունը մի որոշումով փակեց այդ հարցը՝ գյուղացիներից ոչ մեկը ոչ մի բանկի պարտք չէ: Հիմա նրանք կարող են սեփական պատասխանատվությամբ վարկեր վերցնել և սեփական ծրագրերով մասնակցել գյուղի զարգացմանը:
Երեկ վարչապետն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր, նա եղավ նաև Խաչիկում: Բնակիչները շնորհակալություն հայտնեցին պետական բյուջեից 65,7 միլիոն դրամ հատկացնելու և երաշխավորության հետևանքով առաջացած իրենց վարկային խնդիրներին լուծում տալու համար: Վարչապետն ընդգծեց, որ կառավարությունը մեկանգամյա քաղաքական որոշման է գնացել և հորդորեց այլևս չիմացության կամ այլ պատճառներով նման խնդրի առաջ չկանգնել:
Մանրամասները՝ ռեպորտաժում։