Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ֆլորիդայում հանդիպել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Մեկնաբանելով այդ հանդիպումը՝ Օրբանը նշել է, որ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու դեպքում Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունները կկարգավորվեն: Բացի դրանից՝ Հունգարիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ Թրամփի վերընտրվելը կհամընկնի ամբողջ աշխարհի շահերի հետ: Թրամփի վերադարձը նախագահի պաշտոնին, Օրբանի կարծիքով, նպաստավոր կլինի ամերիկա-հունգարական հարաբերությունների համար:
«Մեզ պետք են այնպիսի առաջնորդներ, որոնք հարգված են և կարող են խաղաղություն բերել։ Թրամփը նրանցից մեկն է: Վերադարձեք և խաղաղություն բերեք մեզ, պարոն նախագահ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Օրբանը:
Իր հերթին Թրամփի մամուլի ծառայությունը հանդիպումից հետո հայտնել է, որ կողմերը քննարկել են Հունգարիային և Միացյալ Նահանգներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ամուր և անվտանգ սահմանների կարևորությունը: