Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական TRT World հեռուստաալիքին։ Անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական մի շարք հարցերի, այդ թվում՝ ԱՄՆ, ԵՄ հետ հարաբերություններին, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում առկա առանցքային հարցերին։
Միրզոյանին հարց է ուղղվել. «Նայելով Հարավային Կովկասին՝ տեսնում ենք, որ տարածաշրջանն անցնում է փոխակերպումների շրջան, հետխորհրդային տարածքի երկրներն անցնում են աշխարհաքաղաքական փոփոխությունների միջով։ Նայելով Հայաստանին, հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում, տեսնում ենք, որ այն ընդլայնել է դաշնակիցների իր ցանցը՝ ավանդական դաշնակիցներից անցում նոր դաշնակիցների։ Որպես ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար՝ ի՞նչ հետագծով եք ցանկանում տանել ձեր երկիրը»։
Ի պատասխան` ՀՀ ԱԳ նախարարը նշել է.
«Հիրավի, տարածաշրջանը՝ ներառյալ Հայաստանն, անցնում է լուրջ վերափոխումների միջով։ Դա մեզ մոտ նաև ներքին գործընթաց է. Հայաստանի ժողովուրդն ընտրել է հասարակական կյանքի կառուցման ժողովրդավարական ուղին, մենք ապացուցել ենք այս ընտրությունը մի քանի անգամ ընտրությունների, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու միջոցով։ Եվ այս ճանապարհին մենք տեսնում ենք, որ Եվրոպական միությունը, ԱՄՆ-ը մեծապես աջակցում են մեր ժողովրդավարական բարեփոխումներին, ինստիտուցիոնալ փոփոխություններին։ Եվ ընդհանուր առմամբ, կարևոր է հնարավորինս դիվերսիֆիկացնել, ընդլայնել գործընկերների, դաշնակիցների շրջանակը։ Այսպիսով, սա այն ճանապարհն է, որով մենք առաջ ենք գնում՝ էականորեն խորացնելով մեր հարաբերությունները ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ՝ միաժամանակ պահպանելով ավանդական կապերը կամ, օրինակ՝ նայելով նաև դեպի Արևելք։ Գիտեք՝ մենք կառուցում ենք լիովին նոր որակի հարաբերություններ Հնդկաստանի հետ և այլն։ Կցանկանայի, իհարկե, նաև շեշտադրել մեր առաջնահերթությունը՝ կարգավորել և առաջին հերթին զարգացնել հարաբերությունները հարևանների հետ։ Սա է մեր արտաքին քաղաքականության կարճ բնութագիրը»։