«Եղել են շատ հարթակներ, որոնք փորձել են Հայաստանին ու Ադրբեջանին բերել մի սեղանի շուրջ. Վրաստանը, Ռուսաստանը, Եվրոպան փորձել են դա անել։ Հասկանում եմ, որ երկար ժամանակ թշնամանք է եղել երկու երկրների միջև, ուստի պարզամիտ կամ շատ լավատեսական կլինի մտածել, որ դիվանագիտությունը կարող է միանգամից նպաստել թշնամանքի վերացմանն ու կառուցողական քննարկումներին։ Այդուհանդերձ, ո՞ր հարթակներն եք Դուք համարում առավել հարմարավետ կառուցողական քննարկումների համար»,- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարց է ուղղել TRT World-ի թղթակիցը։
«Կարճ պատասխան՝ բոլոր հարթակներում։ Միակ խնդիրը, առնվազն իմ անձնական տպավորությամբ, մյուս կողմից բացակայող քաղաքական կամքն է՝ կնքել խաղաղության համաձայնագիրը»,- պատասխանել է նա։
«Թուրքիայի հետ քննարկե՞լ եք Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Թուրքիան երբևէ փորձե՞լ է միջնորդել կամ առնվազն կողմերին միավորել որոշ հարցերի շուրջ» հարցին ի պատասխան` Միրզոյանը նշել է.
«Այո, մենք տեսել ենք նման մի քանի փորձ։ Ամենայն հարգանքով հանդերձ, մեր արձագանքը եղել է այն, որ միջնորդության ջանքերի համար, և սա չի վերաբերում միայն Թուրքիային, այլև մյուս բոլոր դերակատարներին, մենք պետք է տեսնենք, որ հնարավոր միջնորդի դիրքորոշումներն ու մտադրությունները լիովին հավասարակշռված են, լիովին չեզոք։ Մենք կարող ենք ասել, առնվազն ընկալումն այդպիսին է, որ Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումները նույնական են, ինչը սովորաբար միջնորդության միջավայր չի ձևավորում։ Այդուհանդերձ, մենք ներկայացրել ենք մեր ընկալումները, և ծավալվում է կառուցողական քննարկում նաև այս հարցում»։