TRT World-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը:
«Նայելով Թուրքիայի հետ վերջին մեկ տարվա հարաբերություններին, հատկապես երկրաշարժի շրջանում, տեսնում ենք Հայաստանի աջակցությունը Թուրքիային, սահմանին կամրջի բացումը, որը փակ էր շատ երկար ժամանակ։ ՀՀ վարչապետը ժամանեց Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը։ Թվում է, թե դա նոր խթան է հանդիսացել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Ինչպե՞ս եք տեսնում կարգավորման գործընթացն այս պահին, ի՞նչ է պակասում հաջորդ քայլն անելու համար»,- հետաքրքրվել է լրագրողը։
«Խոսելով երկրաշարժի և Հայաստանի արձագանքի, ցուցաբերած աջակցության մասին՝ կցանկանայի սա առանձնացնել կարգավորման գործընթացի համատեքստից. կարգավորումը քաղաքական գործընթաց է, իսկ երբ խոսում ենք երկրաշարժի մասին, մարդկային կյանքի կորստի, ողբերգության, զոհվածների ընտանիքների անդամների մասին, դրանք այլ արժեքներ են, մի իրավիճակ, որում մեզ առաջնորդում են լիովին այլ զգացողություններ։ Մենք աջակցություն տրամադրեցինք ի սրտե, քանզի գիտեք՝ մենք ինքներս տեսել ենք ավերիչ երկրաշարժի արհավիրքը Հայաստանի հյուսիսում, և այն ժամանակ աջակցության մի մասը Հայաստան հասավ Թուրքիայի հետ սահմանով, ուստի այս անգամ էլ սահմանը բացվեց մեր ուղարկած փրկարարների, մարդասիրական աջակցության համար։ Ինչ վերաբերում է կարգավորման գործընթացին, ապա գիտեք, որ մենք նշանակել ենք հատուկ ներկայացուցիչներ, ովքեր ունեցել են ակտիվ քննարկումներ, եղել են հանդիպումներ նախարարարական մակարդակում, զրույցներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի միջև։ Շատ բաներ արվել են, շատ բաներ քննարկվում են, եկել ենք համաձայնության որոշ հարցերի շուրջ, բայց դրանք դեռ չեն իրականացվել, օրինակ՝ սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող՝ ՀՀ և Թուրքիայի քաղաքացիների համար։ Սա համաձայնեցվել է, բայց, ցավոք, դեռ կյանքի չի կոչվել։ Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա շուտով։ Կան նաև վստահության ձևավորման այլ միջոցներ, որոնց շուրջ մենք համաձայնության ենք եկել, օրինակ՝ Անիի պատմական կամրջի վերականգնումը։ Սա գործընթաց է, որի միջով մենք անցնում ենք, բայց նաև արդեն ժամանակն է՝ տեղում տեսնել շոշափելի արդյունքներ»,- նշել է Միրզոյանը։
ԱԳ նախարարին նաև հարց է ուղղվել վստահության ձևավորման միջոցների մասին:
«Ընդհանուր առմամբ, երբ առնչվում ենք կարգավորման գործընթացի և, ինչպես Դուք նշեցիք, վստահության ձևավորման միջոցների մասին հարցերին, տնտեսությունը սովորաբար շատ կարևոր դեր է կատարում։ Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուրը» հարցին նա պատասխանել է.
«Իհարկե, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման և առևտրային կապերի զարգացման միջև կա ուղղակի հարաբերակցություն, կարելի է քննարկել, թե որը մյուսի վրա ավելի շատ կազդի, բայց ես հավատացած եմ, որ եթե մենք բացենք սահմանը, գործարար կապերն ինքնուրույն կզարգանան։ Իմ տպավորությունն այն է, որ ունենք առաջնորդություն, քաղաքական կամք երկու կողմերից, և եթե մենք անենք վերջնական քայլերը, բացենք սահմանը, հաջորդիվ տնտեսական կապերը կզարգանան, կգտնեն իրենց ուղին»: