ՀՀ պետական եկամուտների կոմիտեն իր լիազորությունների շրջանակում ամենօրյա հսկողական աշխատանքներ է իրականացնում չդրոշմավորված, այդ թվում՝ առանց նշագրման, սպիտակ տուփերով սիգարետներ արտադրողներին և վաճառողներին բացահայտելու ուղղությամբ։ Նշված ծխախոտային արտադրանքները հիմնականում իրացվում են սոցիալական ցանցերի և առևտրի էլեկտրոնային հարթակների՝ մասնավորապես, Facebook-ի, Tik Tok-ի, Instagram-ի, List.am-ի միջոցով:
«Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, ծածկագրված եղանակով իրականացված «հսկիչ-գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, ՀՀ տարածքում բացահայտել են ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված, առանց որևէ մակնշման, սպիտակ տուփերով ծխախոտային արտադրանքների վաճառքի նոր դեպքեր։ Մասնավորապես, 2024-ի մարտի 5-ին և 7-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում Մասիս և Երևան քաղաքների բնակիչներ Է․Մ-ից և Ս․Մ-ից կատարված հսկիչ գնումներով արձանագրվել են շուրջ 4200 տուփ ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված, առանց որևէ մակնշման, սպիտակ տուփերով ծխախոտային արտադրանքների վաճառքի դեպքեր։ Հիշեցնենք, որ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ արգելվում է առանց մակնշման ծխախոտային արտադրատեսակների շրջանառությունը, հետևաբար նշված արարքի համար ՀՀ հարկային օրենսգրքի 409-րդ հոդվածի հատկանիշներով սահմանված է պատասխանատվություն իրացման շրջանառության 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան տասը միլիոն դրամը:
Նշված արարքի համար սահմանված է նաև պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի հատկանիշներով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ հանցավոր շղթաներում ներգրավված բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է չզբաղվել ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված, առանց որևէ մակնշման, սպիտակ տուփերով ծխախոտային արտադրանքների վաճառքով, այլապես բոլոր դեպքերը բացահայտվելու են, իսկ նման գործունեություն իրականացնողները կենթարկվեն քրեական և վարչական պատասխանատվության»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։