Հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքներից է՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշթիանին:
«Հարևանների հետ հարաբերությունների համատեքստում Հայաստանն առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի համար։ Հայաստանի անկախացումից ի վեր տարբեր ոլորտներում երկու երկրների հարաբերությունները միշտ զարգացել են»,- նշել է պաշտոնյան։
Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ Աշթիանին շեշտել է, որ Իրանի դիրքորոշումը կայուն և համապարփակ խաղաղությանն աջակցելն է։
«Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանն ու իրենց ամբողջ տարածքի նկատմամբ ազգային ինքնիշխանությանն աջակցությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության անթույլատրելիությունն է։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև ուղիղ բանակցություններին, շփումներին և կայուն խաղաղությանը և համարում ենք, որ դա Կովկասի զարգացման համար հիմքեր է ստեղծում»,- ասել է Աշթիանին։
Նա հերթական անգամ ընդգծել է, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է նախագծեն հենց տարածաշրջանի երկրները: Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ Կովկասը չպետք է վերածվի «տերությունների մրցակցության հարթակի»: