Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2024 թվականի մարտի 6-ին Հաագայում հանդիպել է Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Եվրաջասթի նախագահին ջերմ ընդունելության համար և Գլխավոր դատախազության միջազգային-իրավական փոխգործակցության համատեքստում բարձր է գնահատել Եվրաջասթի հետ արդեն ձևավորված գործընկերային հարաբերությունները:
«Ես վստահ եմ, որ այս հանդիպումն ու 2024 թվականին նախատեսվող՝ Հայաստանի և Եվրաջասթի միջև քրեական գործերով դատական համագործակցության մասին համաձայնագրի կնքումը նոր որակ կհաղորդեն քրեական վարույթներով մեր համագործակցությանն ու կնպաստեն դրանց քննության արդյունավետության բարձրացմանը»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազը:
Լադիսլավ Համրանի հետ զրույցում Աննա Վարդապետյանն անդրադարձել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարույթով իրավական օգնության հարցման ընթացքին, կարևորել կոռուպցիոն և ֆինանսական հանցագործությունների, ինչպես նաև փողերի լվացման 60-ից ավելի վարույթներով արդեն կատարված իրավական օգնության հարցումները և շնորհակալություն հայտնել Եվրաջասթի նախագահին՝ այս վարույթներով ցուցաբերված աջակցության համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: