Հնդկաստանի զինված ուժերը մարտի 12-ին ցամաքային զորքերի, ռազմաօդային և ռազմածովային ուժերի մասնակցությամբ կանցկացնեն Bharat Shakti լայնածավալ համալիր զորավարժություններ՝ հայտնել է The Times of India թերթը:
Նշվում է, որ զորավարժություններն ուղղված են հնդկական մշակման և արտադրության զենքի փորձարկմանը: Թերթի տվյալով՝ զորավարժությունների ընթացքում կցուցադրվեն հնդկական ընկերությունների թողարկած շուրջ 60 սպառազինության համակարգերի մարտական հնարավորությունները, ներառյալ՝ BrahMos գերձայնային թևավոր հրթիռները, Akash զենիթահրթիռային համալիրները, Swati հրետանային հետախուզության կայանները, Vajra ինքնագնաց հաուբիցները, Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը և այլ զինատեսակներ:
Զորավարժություններին կներգրավվեն նաև Tejas կործանիչներ և Prachand կրակային աջակցության թեթև ուղղաթիռներ, նորագույն հրետանային համակարգերով ռազմանավեր, տորպեդային զենքեր և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցներ:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը կհետևեն Bharat Shakti ցամաքային և օդային վարժանքներին, որոնք տեղի կունենան Պակիստանին սահմանակից արևմտյան Ռաջաստան նահանգում: