Անթալիայի դիվանագիտական ֆորումն իսկապես տպավորիչ է։ Ես երկրորդ անգամ հնարավորություն ունեցա մասնակցելու Ֆորումին։ Առաջին անգամ ներկա եմ եղել երկու տարի առաջ։ Այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
Անդրադառնալով Քահրամանմարաշում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով նախորդ տարի ֆորումի չկայանալուն՝ նախարար Միրզոյանը հիշատակել է երկրաշարժից հետո իր այցը Թուրքիա՝ աղետի գոտի, ինչպես նաև Անկարա։
«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, որոնք ունեցել են հանդիպումներ և հեռախոսային շփումներ։ Հեռախոսազրույցներ են եղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Առկա են շարունակական շփումներ, որոնք դրական դինամիկա են ապահովում»,- նշել է Արարատ Միրզոյանը:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել բացել Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր կրողների համար։ ՀՀ ԱԳ նախարարը հայտնել է նաև, որ պատմական Անիի կամրջի վերականգնումը ևս քննարկվում է՝ հիշեցնելով, որ որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանամերձ շրջաններում ենթակառուցվածքների և ճանապարհների կառուցման վերաբերյալ։ «Հայաստանն անկեղծորեն ցանկանում է, որ պետական սահմանները հնարավորինս շուտ բացվեն, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, և ընդլայնվեն երկու ժողովուրդների ու մշակույթների միջև կապերը»,- ասել է նախարարը:
Երկու երկրների միջև բաց սահմանների առավելությունների մասին հարցին ի պատասխան Միրզոյանը նշել է. «Սահմանների բացման առավելություններն ակնհայտ են: Առաջին հերթին սա շատ կարևոր է մարդկանց համար։ Հարաբերությունների զարգացումը, տնտեսական հարաբերությունների աճն առաջին հերթին օգուտ կբերեն մարդկանց, ինչը Հայաստանի քաղաքացիների մեծ մասը գիտակցում է»: